Մեր ամենօրյա աշխատանքի որակը ճակատագրական նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը բյուջեի նախագծի ընդունման առիթով հրապարակեց իր ուղերձը։ Նա նշեց, որ բյուջեի նախագիծը երեք հիմնական առաջնահերթությունների վրա է հենվում․ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության ոլորտ։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց դրամական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը, ըստ որի՝ 2022 թվականի հունվարի մեկից երրորդ և հաջորդ նոր ծնվող երեխան կստանա կառավարության աջակցությունը՝ ամսական հիսուն հազար դրամի չափով, մինչև վեց տարեկան հասակը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ներդրումներին և ասաց, որ նախատեսում են օրենսդրական փոփոխություններ։ «ՀՀ-ում պետական գնումների գործընթացները, մրցույթները, տենդերները տեղի են ունենում հնարավորինս թափանցիկ, հնարավորինս արդար, հնարավորինս ազնիվ»,- ասաց նա։

Նա նաև ներկայացրեց նախագծի այլ դրույթներ և ամփոփելով նշեց․ «Մենք շրջադարձային փուլում ենք և մեր ամենօրյա աշխատանքի որակը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականությունից, վերջացրած գյուղատնտեսությամբ, ճակատագրական նշանակություն են ունենալու մեր երկրի ապագայի համար»։

Նա նշեց, որ երբեմն փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե կառավարությունն ամենևին էլ չի ուզում առերեսվել մարտահրավերներին և նշեց, որ հակառակը՝ իրենց նպատակն է առերեսվել դրանց, զբաղվել դրանց լուծմամբ՝ որպես նպատակ ունենալով Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը։