2022 թ․ ջրի սակագինը կբարձրանա. ՀԾԿՀ նախագահ

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսի սկզբին հայտ է ներկայացրել հանձնաժողովին՝ առաջարկելով ջրի սակագինը 188 դրամի փոխարեն սահմանել 224 դրամ՝ հավելելով, որ 2022 թվականի համար արդեն իսկ ջրի բազիսային գինը աճել է 34 դրամով՝ հասնել ով 214 դրամի:

Նա հավաստիացրեց, որ անապահով խավի շուրջ 100 հազար բաժանորդի համար ջրի սակագինը չի փոխվի:

««Վեոլիա ջրի» հետ բանակցում ենք առաջիկա 10 տարում հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար»,-ասաց Գարեգին Բաղրամյանը՝ ընդգծելով, որ մինչ այդ՝ 2022-ի հունվարի 1-ին ջրի նոր սակագին է ուժի մեջ մտնելու:

Լրագրողը սակայն հիշեցրեց, որ 2019-ին Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, թե «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանավորվել են մինչև 2024 թվականը ջրի սակագինը չբարձրացնել։ ՀԾԿՀ նախագահը պատասխանեց. «Մենք կարող ենք մինչև 2035 թվականն էլ չբարձրացնել ջրի սակագինը՝ համապատասխան վարձակալության գումարները չվճարելով: Կարող է կառավարությունը չուզել այդ գումարները կամ նվազեցնել, փոխարենը սակագինը թողնել անփոփոխ: Նույն 188 դրամ սակագինը, որ երեք տարի պահվում էր, պահվում էր վարձակալության վճարները նվազեցնելով»: