ԵԽ զեկույցում հարաբերականորեն հավասարության նշան են դրել կողմերի միջև․ Ս. Սահակյան

Մենք ԵԽԽՎ-ը, ԵԽ նախարարների կոմիտեն դիտարկում ենք ձևաչափեր, որոնք կարող են նպաստել գերիների վերադարձի հարցի դրական տեղաշարժին, սակայն դրանք մեզ համար քաղաքական հարթակներ են՝ իրենց հատուկ դրական ու բացասական կողմերով: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին:

«Հիմնական դրական կողմը, որ ապահովում են, արագ արձագանքն է, իսկ հիմնական բացասական կողմն այն է, որ չեն ապահովում հարցի օբյեկտիվ լուսաբանումը, որովհետև այստեղ իրավունքն ու քաղաքականությունը բախվում են, և այդ մեծ բախումներում մեծապես պահպանվում են մեծ քաղաքականության շահերը: Զեկույցի վերնագրում նպատակային կերպով նշված է «մարդասիրական խնդիրներ». ի սկզբանե նպատակ է դրվել անդրադարձ կատարել ավելի չեզոք խնդիրների, ինչպիսին մարդասիրական խնդիրներն են, իսկ իրավական ավելի լուրջ խնդիրներ դուրս են մնացել քննարկման շրջանակից»,- ընդգծեց Սահակյանը:

Նա ընդգծեց՝ նշվում է՝ «Մարդասիրական խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտում», մինչդեռ կոնֆլիկտն ի սկզբանե եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև. «Այլ հարց է, որ Հայաստանն ունեցել է և ունի հատուկ հարաբերություններ ԼՂՀ-ի հետ, երաշխավոր է և մասնակցություն է ունեցել կոնֆլիկտին»,-ասաց Սահակյանը՝ կարևորելով, որ կոնֆլիկտում թուրքական ներգրավվածություն է եղել տարբեր ուղղություններով՝ վարձկաններ, օդուժի կառավարում, սակայն զեկույցը չի վերնագրվել կոնֆլիկտ Թուրքիայի և Հայաստանի միջև:

«Հաշվի առնելով, որ այս գործընթացներն իրականացվել են քաղաքական մարմնի կողմից, քաջ գիտակցում ենք, որ քաղաքական նկատառումներն արտացոլված են այս զեկույցում, և հիմնական քաղաքական նկատառումը, որը եղել է և դեռևս պահպանվում է ԵԽ շրջանակում, հարաբերականորեն հավասարության նշան դնելն է կողմերի միջև»,-ասաց նա՝ նշելով, թե այս տեսանկյունից մեծապես ապավինում են դատական կառույցներին, որովհետև վերջիններս անկախության ավելի մեծ աստիճան ունեն:

«ՄԻԵԴ-ը, գործելով ԵԽ կազմում, չի կարող որոշակի ազդեցություններ չկրել քաղաքական մարմիններից, և ազդակները նշանակություն ունեն նաև դատարանի համար, սակայն հաճախ առանձին դատավորների դերակատարության շնորհիվ այդ հավասարակշռությունը հնարավոր է լինում խախտել»,-նշեց նա:

Սահակյանն անդրադառնալով զեկույցի՝ գլխատումների մասին հատվածին, ասաց. «Ադրբեջանական կողմի գլխատումները գերազանցել են տասնյակները, սակայն զեկույցում առնվազն երկու դեպքի մասին է խոսվում, և խոսում են մեկ ադրբեջանական դեպքի մասին, և, կարծես թե, նորից տպավորություն են ստեղծում, որ կատարված հանցագործություններն իրենց բնույթով նույնական են եղել երկու կողմերի համար»,-ասաց նա:

Սահակյանը նշեց նաև, որ ընդունված փաստաթուղթը բանաձև է, որն ապահովված է քաղաքական ուժով, և այնքանով, որքան ԵԽ-ն կօգտագործի իր քաղաքական ուժը՝ ճնշելու պետություններին, բանաձևում զետեղված դրույթները կարող են կյանքի կոչվել, նաև ազդել ՄԻԵԴ-ի արագ աշխատանքի վրա: