Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը

Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․

«Ի հեճուկս վերջին շրջանի Ադրբեջանի փորձերին՝ դուրս թողնել Լեռնային Ղարաբաղ անվանումը միջազգային փաստաթղթերից (Ադրբեջանի նախագհը երկու օր առաջ այդպիսի կոչ էր արել ՄԱԿ-ի ամբիոնից) մեզ հաջողվեց փոխել բանաձևի վերնագիրը և բանաձևի տեքստը՝ դրանում ընդգրկելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը, ինչը շատ կարևոր է։

Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ քվեարկեցին բանաձևին։

Բանաձևի՝ մեզ համար կարևոր արձանագրումները հետևյալն են․

– Վեհաժողովը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին անդամակցելով պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը հանդիսանում է այդ պարտավորությունների խախտում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

– Վեհաժողովն, այնուամենայնիվ, նշում է Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 16 -ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխանցած մտահոգությունները` կապված Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերի հետ (որոնցից մի քանիսը հետ են վերադարձվել Հայաստան): Այս կապակցությամբ Վեհաժողովը.

– գտնում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության;

– խորապես մտահոգված է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ: Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել;

-. կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին;

– շարունակում է մտահոգվել Եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շուրջ 45 հայերի կալանավորման պայմանների կապակցությամբ, ովքեր դեռ գերության մեջ են, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագացված քրեական դատավարությունների, ինչը վեր է հանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատավարության անհրաժեշտության խնդիրները;

– կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան;

– խրախուսում է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին (ECRI, ԽԿԿ) կատարել արտահերթ այց՝ չնայած այն բանի, որ ԿԽՄԿ-ն ն ունի կանոնավոր մուտքի իրավունք;

– վկայակոչում է մտահոգիչ ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկաններին;

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից նրանց, ովքեր մնացել կամ վերադարձել են, Վեհաժողովը.

– խորապես ափսոսում է տարածաշրջանից միջազգային հանրության բացակայության կապակցությամբ՝ մուտքի խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անհամաձայնության պատճառով, այս առումով նկատի ունենալով իր 2240 (2018) բանաձևը «Անսահմանափակ մուտք դեպի անդամ պետություններ, ներառյալ՝ «գորշ գոտիները», Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ -ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների կողմից» և հիշեցնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական պարտավորությունները՝ լիարժեք և բարեխղճորեն համագործակցել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային մեխանիզմների հետ, ներառյալ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մեխանիզմները;

– հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող բոլոր անձինք, այդ թվում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ունեն լիարժեք պաշտպանության հավասար իրավունք, այդ թվում՝ մոնիտորինգի համապատասխան մեխանիզմների միջոցով;

– կիսում է նրանց լքվածության զգացումը և ընդգծում նրանց մտահոգությունը սահմանային միջադեպերի, ադրբեջանական զորքերի մոտ գտնվելու և կրակոցների կանոնավոր հնչելու կապակցությամբ;

– նշում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվում են ապրուստի միջոցների, պատերազմի հետևանքով հասցված վնասի վերականգնման և վերացման, նոր բնակարանների տրամադրման, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության առումով;

– կոչ է անում ներգրավված բոլոր պետություններին ապահովել միջազգային անկախ մարդասիրական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

Վեհաժողովը լրջորեն մտահոգված է 2021 թվականի մայիսից սահմանի տարբեր կետերում միջադեպերի թվի ավելացմամբ։ Եղել են սպանվածներ և վիրավորներ, գերի են վերցվել հայ զինվորներ։

– դատապարտում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և դատապարտում է վեցշաբաթյա պատերազմի ժամանակ մշակութային ժառանգությանը միտումնավոր հասցված վնասը, Սուրբ Փրկիչ եկեղեցու, Շուշայում/ Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու կանխամտածված գնդակոծությունը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանների ավիրումը կամ վնասումը;

– նախկին ավերածությունների լույսի ներքո՝ շարունակում է մտահոգվել բազմաթիվ հայկական եկեղեցիների, վանքերի ապագայի շուրջ՝ այդ թվում Խութավանքի/Դադիվանքի վանքի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ տեսակների մասին, որոնք վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ;

– իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում զարգացող «Կովկաս-Ալբանական» ժառանգությունը քարոզող հորինվածքի վերաբերյալ՝ փոխարինելու համար այն, ինչ համարվում է “հայկական” մշակութային ժառանգություն;

– առաջարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել զարգացող հորինվածքը, որը քարոզում է «Կովկասյան ալբանացիների» ժառանգությունը, համոզվելու համար, որ այն չի շահարկվում կողմերից մեկի կողմից;

Ատելության խոսքը վաղեմի խնդիր է երկու երկրներում, ինչպես նշում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովն իր զեկույցներում, մասնավորապես Ադրբեջանի վերաբերյալ, որը քննադատության է ենթարկվել նաև Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի հարցերով Խորհրդատվական կոմիտեի կողմից;

-Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք շարունակում են անընդունելի ձևով ներկայացնել հայերին։ Այսպես կոչված, «Ռազմավարի պուրակը» Բաքվում լուրջ անհանգստություն է հարուցում, և Վեհաժողովը համարում է, որ ծաղրանկարված և կարծրատիպային մանեկենների օգտագործումը սաստկացնում է անհանդուրժողականության մակարդակը և տեղ չպետք է ունենա հասարակությունում կամ թանգարանում;

– Վեհաժողովը շարունակում է մնալ անհանգստացած և ազդված տարածաշրջան միջազգային կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ այցելելու շարունակական խափանմամբ և կոչ է անում երկու կողմերին նպաստել նրանց մուտք գործելուն;

– Ուստի, Վեհաժողովը Նախարարների կոմիտեին առաջարկում է հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի մարտի 16–ի Նախարարների կոմիտեին արված ծանուցմանը՝ հայ գերիների վերաբերյալ և նպաստել այս ընթացիկ հարցի լուծմանը»։