ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուր զինվորական պանթեոնում

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 27-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի տարածքում տեղադրված, 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման հանդիսավոր միջոցառմանը։

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 27-ին Արշակ Կարապետյանը նաև աշխատանքային այց է կատարել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկն ու մասնակցել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշաքարի մոտ անցկացված հոգեհանգստի կարգին:

Նշվում է, որ աշխատանքային շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է կառուցվող նոր զորամասերից մեկի շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։