ԳԱԱ-ում մեկնարկել է համակարգչային գիտությանը և ինֆորմացիոն տեխնոլոգիաներին նվիրված միջազգային գիտաժողովը

Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում մեկնարկեց «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2021» 13-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:

ԳԱԱ-ից  հայտնում են, որ Գիտաժողովի նպատակն է խրախուսել գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը համակարգչային գիտության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում: Այն հնարավորություն կտա հայ և արտասահմանցի գիտնականներին ներկայացնելու և քննարկելու իրենց գիտական գաղափարները, հետազոտությունների արդյունքները, զարգացման հեռանկարները, փոխանակելու փորձը: Գիտաժողովին առկա և առցանց մասնակցում են ավելի քան 70 հետազոտողներ և ճարտարագետներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մակեդոնիայից, Վրաստանից, Իրանից:

Նիստերի հիմնական քննարկվող թեմաները նվիրված են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման, ամպային և բարձր արտադրողականությամբ հաշվարկների, իմացական ալգորիթմների և մոդելների, գաղտնագրության և կիբերանվտանգության, դիսկրետ մաթեմատիկայի և կոմբինատոր վերլուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունների, ինֆորմացիայի  և կոդավորման տեսության, բաշխված համակարգերի, կերպարների ճանաչման և պատկերների մշակման, հեռահաղորդակցության և ցանցերի հետ կապված հարցերին:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը նշեց, որ այս միջոցառումը նաև հնարավորություն է արտասահմանցի գիտնականների համար ծանոթանալու Հայաստանի հետ: «Հայաստանի համար հիմա դժվար ժամանակներ են, բայց մենք շարունակում ենք աշխատել: Մենք գիտության մարդիկ ենք, և միայն մեր աշխատանքը կատարելով կհասնենք ամեն ինչի», – ասաց նա:

Գիտաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը: «Այս միջոցառումը շատ կարևոր է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար: Գիտաժողովի մասնակիցներին մաղթում եմ հետաքրքիր քննարկումներ և գիտական արդյունքների բարելավում», – ասաց նա:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Հարություն Ավետիսյանը խոսեց համակարգչային գիտության կարևորության մասին: «Ես կարծում եմ, որ Հայաստանում այս ոլորտը զարգացած է, իսկ մեր օրերում համակարգչային գիտությունը, հաղորդակցությունը շատ կարևոր են: Ես հաջողություն եմ մաղթում գիտաժողովի մասնակիցներին իրենց աշխատանքներում», – ասաց նա:

Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գիտության գծով տնօրենի տեղակալ,  պրոֆեսոր Միշել Դայդեն ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և շեշտեց համակարգչային գիտության կարևորության մասին անվտանգության ոլորտում:

Գիտաժողովի նիստերի ժամանակ մասնակիցները կներկայացնեն իրենց զեկույցներն ու աշխատությունները: Դրանք կամփոփվեն գիտաժողովի նյութերի ժողովածուում:

Գիտաժողովի հովանավորն է ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի նախարարության Գիտության կոմիտեն։ Գիտաժողովի աշխատանքներին տեխնիկապես աջակցում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Երևանի կապի միջոցների ինստիտուտը և ASNET-AM Հայաստանի գիտակրթական համակարգչային ցանցը։

Գիտաժողովը իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 1-ը։