Դավադիր պատերազմ` պարտության սցենարով (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:

Կան փաստեր, որ սեպտեմբերի կեսերին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղյակ է եղել, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Եվ կա այն համոզմունքը, որ հնարավոր էր քաղաքական, դիվանագիտական ճշգրիտ քայլերով, ռազմական կազմակերպված գործողություններով կասեցնել պատերազմը:

ՀՀ իշխանության տեղեկացված լինելու մասին է խոսում ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ պատերազմից օրեր առաջ՝ 2020 թ․ սեպտեմբերի 13-ին ասված հետևյալ խոսքը․ «Մենք ականատես ենք լինում իրենց (Ադրբեջանի ու Թուրքիայի) կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման»:

Սեպտեմբերի 16-ին ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ-ում ասել է՝ ադրբեջանցիներն իրականացնում են աշխատանքներ՝ չեզոքացնելու մեր դիրքերի գերակայությունը, առավելությունը, օգտագործում են տարբեր տրամաչափի զենքեր:

Այսինքն, Փաշինյանը կանխամտածված թաքցրել է պատերազմի իրական վտանգը, և բանակն ու հասարակությանը պատրաստելու փոխարեն՝ զբաղված է եղել ներքաղաքական հարցերով՝ ընդդիմության դեմ գործեր սարքելով։

Պատերազմի օրերին արդեն իսկ խոսվում էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով թույլ չի տրվում, որ հայկական բանակը իր ողջ ներուժով մասնակցի Արցախի պաշտպանությանը: Այդ մասին կա ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նա ասում է․«10 օր է՝ օգնություն եմ ուզում Հայաստանից, ասում եմ՝ մարդ տվեք, 10 օր է՝ պատասխան չկա»: Նաև հրամանատար Արկադի Կարապետյանը լայվ մտավ ու հայտարարեց․ «Արցախը արյունաքամ է լինում, հիմա Հայաստանը գալի՞ս է մեզ օգնելու, թե չի գալիս»:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: