Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միավորված ազգերի կազմակերպության Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին։
Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի անդամ, կարևորում է դաշինքի նպատակները, որոնք ուղղված են ներառական հասարակությունների կառուցմանը, ժողովուրդների միջև հարգանքի և հանդուրժողականության ամրապնդմանը։
Արարատ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման և այդ նպատակով միջազգային հանրության ներգրավման անհրաժեշտությունը։