Փորձակենդանիներ չենք, գիտակցություն, կամք ունենք, թույլ չենք տա պատվաստումների պարտադրում (տեսանյութ)

COVID-19-ի դեմ անվտանգության և արդյունավետության բավարար երաշխիքներ չունեցող պատվաստանյութերով պատվաստման, ըստ էության, պարտադրումն անթույլատրելի է և կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով («Անձին առանց իր համաձայնության բժշկական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը») նախատեսված հանցանքի հատկանիշներ:

Պատվաստումների այս ողջ գործընթացը հիմնված չէ ապացուցողական բժշկության վրա, առողջապահության կազմակերպիչները, նրանց կամքը կամովին կամ հարկադրաբար կատարող բժիշկները շեղվել են մարդակենտրոն համակարգից, նպատակը դարձել է ոչ թե մարդկանց առողջության պահպանումը, այլ նրանց պատվաստելը, դա է դարձել գերնպատակ:

Պատվաստանյութի ստեղծման գործընթացը բավական բարդ և երկար է, դրա համար տարիներ են անհրաժեշտ, 1-ին փուլում գիտափորձերը կատարվում են բջջային կուլտուրաների վրա, 2-րդ փուլում` փորձակենդանիների: Նրանց ներարկում են պատվաստանյութը, 6 ամիս հետո ներքին օրգանները հետազոտում, 2-րդ փուլը բավական երկար ժամանակ է պահանջում: Եվ միայն 3-րդ փուլում սկսվում է փորձարկումը կամավորների վրա:

«Sputnik V»-ի ստեղծումից, ասպարեզ գալուց, որն, ի դեպ, այդ առումով առաջինն էր, դեռ 1 տարի էլ չի անցել, հետևաբար այն դեռ չի հաղթահարել հետազոտությունների 3-րդ փուլը, գտնվում է այդ փուլում, բայց կլինիկական հետազոտությունների փուլում գտնվելուն զուգահեռ, որքան էլ անթույլատրելի է, կիրառվում է մարդկանց վրա, որոնք պատվաստանյութի հնարավոր վտանգների մասին զգուշացված և իրենց դրա ներարկմանը գրավոր համաձայնություն տված կամավորներ չեն, այլ սովորական պացիենտներ, որոնց միակ նպատակը պատվաստվելն ու կորոնավիրուսով վարակվելուց խուսափելն է:

Վերոնշյալի պարագայում առավել ևս անթույլատրելի և հանցավոր է COVID-19-ի դեմ ներկայումս գոյություն ունեցող ցանկացած պատվաստանյութով պատվաստման, ըստ էության, պարտադրումը, որը Նիկոլի իշխանությունը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի 20․08.2021 թ.-ի N 65-Ն հրամանով և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելով, պատրաստվում է իրականացնել ս. թ. հոկտեմբերի 1-ից:

Անթույլատրելի է նաև այն առումով, որ COVID-19-ի դեմ աշխարհում կիրառվող ցանկացած պատվաստանյութ մարդուն չի տալիս կորոնավիրուսով չվարակվելու, այլոց չվարակելու, COVID-19-ով չհիվանդանալու երաշխիքներ: Ավելին. ինչպես պարզվել է վերջերս, COVID-19-ի դեմ պատվաստանյութերը չեն բացառում նաև կորոնավիրուսային հիվանդության ծանր ու նույնիսկ մահացու դեպքերը:

Առ այսօր չկան առողջապահության ոլորտի կամ պետության այնպիսի ղեկավարներ, որոնք հրապարակայնորեն համաձայնել են իրենց գլխով պատասխան տալ այս փորձնական պրեպարատների այն հնարավոր հետևանքների համար (այդ թվում նաև` մարդու վերարտադրողական առողջության վրա), որոնք կարող են ի հայտ գալ տարիներ հետո:

Հակապատվաստումային քարոզչությամբ չենք զբաղվում, բայց մտադիր էլ չենք լռել, չխոսել գոյություն ունեցող իրողությունների մասին. աշխարհում վերջին 40 տարում երեխաների մոտ մոտ 60 անգամ աճել են աուտիզմի դեպքերը, ալերգիկ դրսևորումները, որոնք, ըստ մի շարք մասնագետների, կապված են հենց պատվաստանյութերի հետ: Աճել են նաև քաղցկեղային և այլ հիվանդությունները: Այս մասին լռում են, խոսում պատվաստանյութերի միայն դրական կողմերի մասին: Ինչո՞ւ… Որովհետև պատվաստանյութերի արտադրությունը շատ մեծ բիզնես է… Եվ խնդիրն էլ միայն բիզնեսը չէ…

Պատվաստման պարտադրումը հակասում է Նյուրնբերգյան կոդեքսին և ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասին, քանի որ չի կարելի մարդկանց վրա բժշկական, գիտական փորձեր կատարել առանց նրանց տեղյակ պահելու և նրանց համաձայնության:

Ինչո՞ւ պետք է պատվաստվի այն մարդը, որը մի քանի ամիս առաջ կորոնավիրուսային հիվանդությամբ արդեն հիվանդացել է, չէ՞ որ այն իմունիտետը, որը մարդը ձեռք է բերում հիվանդության արդյունքում, շատ ավելի կայուն է, քան այն իմունիտետը, որը մենք ձեռք ենք բերում պատվաստվելուց հետո:

Նոր կորոնավիրուսի արհեստական ծագման, պատվաստանյութերի, պատվաստման, հնարավոր հետևանքների, պատվաստման պարտադրման անթույլատրելիության,և այս թեմայի հետ կապված այլ ուշագրավ խնդիրների շուրջ է LIVEnews.am-ի տաղավարում վերլուծաբան, առողջապահության ոլորտում հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանի զրույցը բժիշկ- վարակաբան Դմիտրի Հարությունյանի հետ: