Նույնիսկ մեր թշնամիները շվարած են մնում փաշինյանական կառավարության անձեռնահասության և պարզունակության մակարդակից․ Աբովյան

Երբ մենք խոսում ենք Հայաստանի իշխանությունների անկարողության կամ չցանկանալու մասին, տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական ցնցումների նախաշեմին` վարելու այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է երկրի հզորացմանը` մենք նպատակ չենք հետապնդում քննադատել հանուն քննադատության, այլ գոնե ինչ -որ կերպ ազդել այն գործընթացների վրա, որոնք մեզ բոլորիս տանում են դեպի աղետ, ինչը ըստ թուրքական և ադրբեջանական սցենարների վերջնականապես կփակի Հայկական հարցը: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

«Անհեթեթ որոշումները, իրավիճակի անգրագետ գնահատումը, արտաքին ճակատում բացարձակապես ոչ ադեկվատ շարժումները խելագար տեմպերով գեներացնում են սպառնալիքի այնպիսի մակարդակ երկրի համար, որ նույնիսկ մեր թշնամիները շվարած են մնում փաշինյանական կառավարության անձեռնահասության և պարզունակության մակարդակից:

Վառ օրինակ է հանդիսանում ներկայիս իշխանությունների կողմից Թուրքիայից և Ադրբեջանից «խաղաղության» մշտական մուրացկանությունը: Ես բազմիցս զգուշացրել և շարունակում եմ պնդել, որ փաշինյանական իշխանությունների կողմից թուրք-ադրբեջանական ագրեսորին հանդարտեցման քաղաքականությունը անխուսափելիորեն կհանգեցնի նոր կորուստների և Հայաստանի ՝ որպես հայերի ազգային օջախի գոյության, սպառնալիքի:

Եթե ցանկանում եք խաղաղություն, ապա արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի սպառնալիք ներկայացնող երկրների վրա բազմավեկտոր ճնշման սկզբունքով:

Ճնշումն ունի երեք հիմնական վեկտոր ՝ տնտեսական, ռազմական և դիվանագիտական: Եվ եթե Հայաստանը ներուժ չունի ճնշման տնտեսական և ռազմական ձևի դեպքում, ապա դիվանագիտական տեսանկյունից մենք ունենք գործունեության բավական լայն շրջանակ `գոնե փոքր ուժով գործընթացների վրա ազդելու համար:

Օրինակ՝ այժմ տարածաշրջանում ձևավորվում են կոալիցիաներ, քաղաքական կառույցներ, դաշինքներ, որոնք կոչված են դադարեցնելու կամ թուլացնելու տարածաշրջանում թուրքական ռազմաքաղաքական էքսպանսիան։ Որպես օրինակ, Հունաստանում, զորավարժություններ են անցկացվում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և հենց Հունաստանի մասնակցությամբ:

Հիմա հարցն այն է, թե ինչո՞ւ Հայաստանը, գոնե դիտորդի մակարդակով, չի մասնակցում վարժանքներին:

Կամ ինչո՞ւ Հայաստանը չի արտահայտում իր պաշտոնական վերաբերմունքը Սիրիայում թուրքական ագրեսիայի և Իդլիբում թուրքական զորքերի կենտրոնացման նկատմամբ:

Հայաստանը բազմաթիվ օրինակներ ունի Թուրքիայի վրա դիվանագիտական ճնշման մակարդակը բարձրացնելու համար:

Ինչո՞ւ է Հայաստանը անտեսում Թուրքիայի վրա իրական ճնշման սուբյեկտ դառնալու հնարավորությունը, այլ դառնում է թուրքերից «խաղաղություն» մուրացող օբյեկտ:

Հռետորական հարց է։

ՀԳ .Տպավորությունն է ձևավորվում, որ իշխանավորները ուղղակի հրաժարվում են ընդունել իրենց քայլերի և տեսլականի ներքո գեներացվող աննախադեպ վտանգների մակարդակը։

Ապրում ենք «հպարտ» աբսուրդի և «պողպատե» անհեթեթություն հաղթարշավի երկրում ։

Մինչև ու՞ր»,- գրել է Աբովյանը։