Թուրքիայի գլխին «ամպեր են կուտակվում»…

2021 թվականի սեպտեմբերի 23-ը շատ հետաքրքիր օր է Սիրիայում իրավիճակի և իրանա-թուրքական հարաբերությունների տեսանկյունից: Այս օրը երկու պայթյուն տեղի ունեցավ Հյուսիսային Սիրիայի տարածքում, որը գրավված է Թուրքիայի կողմից և որում «նստած» են թուրքամետ ահաբեկչական խմբավորումները: Սկզբից հարձակումն իրականացվել է Ռաս ալ-Ային քաղաքում (քրդերը նրան անվանում են Սիրեկանիե…), ապա՝ Աֆրինում: Սիրիական SANA գործակալությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ալ-Աշրաֆիա շրջանում: Պայթյունի հետևանքով երկու մարդ վիրավորվել է: Հաղորդվում է, որ մեքենաներում անհայտ անձինք շրջապատել են պայթյունի տարածքը և գրոհել որոշ շենքեր և առևտրային խանութներ:

Հայտնի չէ, թե՝ ինչ է տեղի ունեցել Ռաս ալ-Այինում և Աֆրինում, ովքեր են այս երկու ահաբեկչություններն իրականացրել թուրքերի և թուրքամետ ահաբեկիչների դեմ: Այստեղ պետք է հիշել, որ մինչև Թուրքիայի կողմից օկուպացիան, այս երկու քաղաքները Սիրիայի քրդերի կոմպակտ բնակության կենտրոններն էին Հյուսիսային Սիրիայում: Իսկ օկուպացիայից հետո թուրքերն ամեն ինչ անում են այս ամբողջ գոտու անեքսիան օրինականացնելու և այստեղ ժողովրդագրական իրավիճակը փոխելու համար:

Այս երկու պայթյուններին սիրիական իշխանությունների արձագանքը կանխատեսելի էր: Իրանի հետ համաձայնությամբ, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադը սեպտեմբերի 23-ին ասաց, որ Սիրիայի իշխանությունները պահանջում են Թուրքիայից՝ անհապաղ դուրս բերել զորքերը հանրապետության հյուսիսային նահանգներից: Նա նաև մեկնաբանել է Իդլիբ նահանգում լարվածության աճը. «Կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը: Միջազգային հանրությունն իր հերթին պետք է աջակցի Սիրիայի ջանքերին՝ երկրի հյուսիսում Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների ազատագրման ուղղությամբ»: Ըստ Սիրիայի ԱԳՆ ղեկավարի, իսկ դա նշանակում է՝ նաև Իրանի, այս էսկալացիայի հիմնական պատճառը «թուրքական օկուպացիան է, ինչպես նաև Անկարայի կողմից ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը»:

Այս երեք ուղերձները Սիրիայից արդեն իսկ լուրջ հարցեր են առաջացնում, թե արդյո՞ք Իրանի իշխանությունները և, իհարկե, Սիրիան սկսել են ինչ-որ գործողություն՝ ուղղված Հյուսիսային Սիրիայի տարածքների թուրքական օկուպացիայի դեմ: Այլ կերպ ասած, ի՞նչ ենք մենք տեսնում. ուղղակի ահաբեկչական գործողություննե՞ր Ռաս ալ-Աինում և Աֆրինում, թե դա Սիրիայի այս հատվածը թուրքական զորքերից ազատագրելու գործողությունների սկիզբն է: Բայց հարցը, ինչպես վստահ ենք, չի ավարտվում միայն Սիրիայով և այս երկրում Իրանի շահերով:

Վերջին օրերին բազմաթիվ հաղորդագրություններ եղան Թեհրանի և… Բաքվի հարաբերություններում նկատվող լարվածության մասին: Ամբողջ աշխարհում նշվում է, որ իրական քարոզչական և տեղեկատվական «պատերազմ» է ընթանում Իրանի և «կովկասի-թաթարստանի» միջև, որի ընթացքում երկու կողմերն էլ «մեղմ» սպառնում են միմյանց: Հատուկ գործոն է հանդիսանում ԻՀՊԿ զորքերի կենտրոնացումը Հյուսիսային Թալեշի հետ սահմանին՝ հատուկ գոտի, որտեղ բնակվում են պարսկախոս թալիշներ:

Կտեսնենք, իհարկե թե ինչպես կարող է ավարտվել իրավիճակը Արաքս գետի երկայնքով և Հյուսիսային Թալեշի հետ սահմանին: Բայց ինչպես սեպտեմբերի 23-ին հաղորդեց իրանական Tasnim News-ը, Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում տեղի ունեցավ Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Հոսեյն-Ամիր Աբդոլահիյանի միջև: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների շփման արդյունքներից էր Թեհրանում Իրանի, Թուրքիայի և «կովկասի-թաթարստանի» արտգործնախարարների հանդիպում անցկացնելու համաձայնությունը: Թե ինչ ժամկետներում կկայանա դիվանագիտական ​​գագաթնաժողովը եռակողմ ձևաչափով, չի նշվում: Ընդգծենք. Նյու Յորքում հանդիպեցին միայն Աբդոլլահիյանը և Չավուշօղլուն, այս հանդիպմանը Բաքվի ներկայացուցիչ չկար: Այսինքն՝ Թեհրանն ու Անկարան անհրաժեշտ չեն համարում «կողմնակի մարդկանց» ներկայությունը: Երեք երկրների արտաքին գործերի նախարարների թեհրանյան առաջիկա հանդիպումը Թուրքիայում արդեն կոչվել է «հաշտարար գագաթնաժողով»: Հետևաբար, Անկարան լավ գիտի, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ կովկասյան թաթարները չեն կարող որևէ տեղ «փախչել» Իրանի առջև պատասխանատվությունից, և Իրանը բազմաթիվ պատճառներ ունի պահանջելու, որպեսզի Անկարան և Բաքուն հարգեն տարածաշրջանում Իրանի օրինական շահերը:

Իսկ հիմա եկեք ամփոփենք՝ գումարելով Սիրիայում տեղի ունեցած պայթյունների, այս երկրի արտաքին գործերի նախարարության՝ թուրքական օկուպացիային վերջ դնելու պահանջի մասին զեկույցները՝ Իրանի, Թուրքիայի և «կովկասի-թաթարստանի» արտաքին գործերի նախարարների Թեհրանում նախատեսվող առաջիկա «հաշտարար գագաթնաժողովի» մասին հաղորդագրության հետ: Մենք կասկած չունենք, որ սեպտեմբերի 23-ին Սիրիայից և Թեհրանից ստացված բոլոր վերը նշված հաղորդագրությունները նույն շղթայի օղակներն են: Մեր կարծիքով, այս ամենը խոսուն վկայություն է այն բանի, որ Թուրքիայի գլխին «ամպեր են կուտակվում» …

Սերգեյ Շաքարյանց