Սոցիալական հարթակներում շարունակվում են ընդդիմադիրների և նախկին պաշտոնատար անձանց հասցեին վիրավորանքները․ Դավիթ Հարությունյան

Այստեղ ավելի շատ մտահոգություններ պետք է հնչեն, որից հետո առանց տեսախցիկների մենք կարտահայտենք մեր դիրքորոշումը, թե որ կետերն են առաջնային, ովքեր են պատրաստ դրանց լուծմանը մասնակցելու, ինչ ներդրում կարող են անել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ «Սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը՝ ՍԴ ներկայացնելու նպատակով» քննարկմանը ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝  յուրաքանչյուր գործում կարող են լինել առավել տակտիկական տարբեր մոտեցումներ․ «Պարզ օրինակներով կարող ենք խոսել․ նույն այդ վիրավորանքի քրեականացման հետ կապված,  ես կարծում եմ՝ տակտիկական առումով այսօր եթե բացենք ընդդիմադիրների հասցեին հնչած վիրավորանքները, նախկին պաշտոնատար անձանց հասցեին հնչած վիրավորանքները, ապա դրանք այսօր էլ նույն սոցիալական հարթակներում շարունակվում են»,–ասաց նա։

Դավիթ Հարությունյանը նկատեց, որ դրանք պայմանավորված չեն անձի հետ, այլ նրա կողմից նախկինում  պաշտոն զբաղեցնելու հետ և ֆորմալ առումով մասնավոր մեղադրանքի գործեր չեն։ «Ես ենթադրում եմ, որ տակտիկապես պետք է ուղղակի Ոստիկանությանը և Դատախազությանը դնել համապատասխան փաստի առաջ, այսինքն` ուղղակի հրապարակավ հայտնել կատարված հանցագործության մասին, ու թող մարդիկ շարունակեն մերժել քրեական գործերի հարուցումը։ Այստեղ ևս կան տակտիկական քայլեր, որոնք պետք է կատարվեն, բայց այդ կոմպլեքսը ինչպես ցույց տալ, որ սրանք ակնհայտորեն քաղաքական ուղղորդում ունեն, դրա համար քայլերը պետք է քննարկենք»,–հավելեց նա։