Կյանքից հեռացել է նշանավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցը

91 տարեկանում մահացել է լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։

Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում։ 1951 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1951-1954 թվականներին սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում։ Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր։ Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է Թբիլիսի։

1954 թվականին աշխատել է մեքենաների վերանորոգման գործարանում` որպես արհեստավոր։ Մեկ տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը։ 1955 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1956-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր։ 1960 -ին և 1963-ին գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների։

Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի։ 1996-2000 թթ․ սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։

Որպես կինոօպերատոր` նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ։ Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով։ 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար:

Աթոյանցի նկարահանած ֆիլմերից են՝

«Մորգանի խնամին» (1970 թ.)
«Հեղնար աղբյուր» (1970 թ.)
«Քաոս» (1973 թ.)
«011 աքսորականը» (1978 թ.)
«Խոշոր շահում» (1981 թ.)
«Վառված լապտեր» (1983 թ.)
«Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992 թ.)
«Աղետ» (1993 թ.)
«Տխուր փողոցի լուսաբացը» (2008 թ.) և այլն։