Պենտագոնը և Պետդեպարտամենտը զեկույց կպատրաստեն 2020 թ․ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա (երկրում սկսվում է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագիծը՝ 778 մլրդ դոլար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախաձեռնությանն աջակցել է 316 օրենսդիր, 113-ը դեմ է արտահայտվել: Բյուջեն ներառում է մի շարք փոփոխություններ՝ կապված Ռուսաստանի հետ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գարնանը 753 միլիարդ դոլար է պահանջել Կոնգրեսից պաշտպանական կարիքների համար: Խորհրդակցությունների ընթացքում այդ գումարն ավելացվել է:

Կոնգրեսի ստորին պալատի կայքը նաև նշում է, որ փոփոխություն է կատարվել օրինագծում, որի համաձայն՝ Պենտագոնը և Պետդեպարտամենտը պետք է զեկույց պատրաստեն 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Փաստաթուղթը պետք է ներկայացվի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովներին: Բացի այդ, ենթադրվում է, որ օրենսդիրները կոչ կանեն Ադրբեջանի իշխանություններին «ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերեվարված խաղաղ բնակիչներին»: Ինչպես նշվում է նշված փոփոխության մեջ, Կոնգրեսը կոչ է անելու ԱՄՆ վարչակազմին՝ համագործակցել Ադրբեջանի հետ այդ ուղղությամբ: