Ահա թուրքական «դրական ազդակների» հիմնական նկարագիրը

Պահո՜, երկու օր է թուրքերից և ադրբեջանցիներից այսպես կոչված «դրական ազդակներ» են գալիս։

Պարզ է, որ «դրական ազդակները» դրական են միայն միջազգային  հանցագործ Ալիևի և Էրդողանի համար, սակայն կարծում եմ դա այնքան էլ չի հուզում ներկայիս ՀՀ գերսուպերխաղաղասեր իշխանություններին և էժան ադրբեջանական պոմիդորների մասին երազողներին։

Հասկանալի զուգադիպությամբ՝ թե՛ Ալիևը և թե՛ Էրդողանը ուղղակի ճղվում են, պնդելով, որ եթե հայերը ցանկանում են «խաղաղ ապրել», ապա պետք է համաձայնվել երեք հիմնական նախապայմանների։

Ահա թուրքական «դրական ազդակների» հիմնական նկարագիրը։

1․ Հայաստանը պետք է շուտափույթ տրամադրի Սյունիքով ճանապարհ (միջանցք), որը կապելու է Թուրքիային և Ադրբեջանին ցամաքով։

Զուգահեռ Հայաստանը պետք է ընդունի և օրինականացնի ադրբեջանական օկուպացիոն ուժերի տեղակայումը Հայաստանի ինքնիշխան տարածքում, համաձայնելով «թուղթ-բարաթով» փոխանցել հայկական տարածքները ադրբեջանցիներին (սա անվանելու են դելիմիտացիա և դեմարկացիա) ։

2․ Ադրբեջանը և Թուրքիան ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, որ Հայաստանը դե ֆակտո ընդունի 44 օրվա պատերազմից հետո ձևավորված իրողությունները։

Մոռանա առհասարակ Արցախի Հանրապետության մասին։

Մոռանա, թե ինչնպես էին 44 օր թուրք֊ադրբեջանական վայրենիները հայերին ռմբակոծում կասետային և ֆոսֆորային ռումբերով, գերիներին և խաղաղ բնակիչներին գլխատում և գնդակահարում և ընդհանրապես հայերը նույնիսկ ծպտուն չպետք է հանեն արդարության, Արցախի  և Հայաստանի տարածքային ամբողջության վերականգման մասին, զուգահեռ ընդունելով Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՀՀ ի և Արցախի օկուպացված տարածքները ներառայլ։

3․ Եվ որպես թուրքական հիմնական  «դրական ազդակ», Էրդողանը պահանջում է, որ Հայոց Ցեղասպանության հարցը դուրս մղվի հայկական դիվանագիտական, քաղաքական և պետական օրակարգից և տեղափոխվի «պատմության գիրկը» (օրինակ ինչ- որ համատեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելով։ Էրդողանը կարծես թե ասում է, որ ոչինչ, որ մեզ իրենք կոտորում են հարյուր տարուց ավելի, ոչինչ, որ մեր Հայրենիքի  90 տոկոսը զավթած է, ոչինչ, որ իրենք մեզ համարում են և միշտ համարելու են տարածաշրջային գործոն, որը վաղ թե ուշ իրենք պետք է վերջնականապես վերացնեն։

Ահա այն նախապայմանները, կամ ինչպես որակավորում են ՀՀ իշխանությունները «դրական ազադակները»  թուրքերի և ադրբեջանցիների կողմից։

Այստեղից հետևություն, այն պահից սկսած երբ կմեկնարկի  պաշտոնական թուրք֊ադրբեջանական և հայկական կողմերի բանակցային գործընթացը, դա կնշանակի, որ հայկական  իշխանությունը ընդունել է մեր թշնամիների նախապայմանները։

Հ.Գ. Այս թուրքերի հետ սիրախաղաղային  խայտառակությունը իրականում մեկնարկ է տալու Հայաստանի և Արցախի փուլային չեզոքացման գործընթացին։ Սա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ թուրքերը և ադրբեջանցիները զարմացած են, թե ինչպես են հայերը հուլ և հնազանդ գնում ինքնաոչնչացման։

Սա լրիվ լուրջ.

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից