ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ ղեկավարները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ԼՂ իրավիճակի կայունացման աշխատանքները

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։

ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրակրկիտ քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր: Մանրամասն ուսումնասիրվել է Աֆղանստանում իրավիճակի զարգացումը: Երկու կողմերն էլ վերահաստատլ են իրենց պատրաստակամությունը` համատեղ ջանքերով նպաստելու այս երկրում խաղաղության և կայունության հաստատմանը, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լիբիայում և իրանական միջուկային ծրագրի կարգավորման խնդիրների շուրջ:

Նշվում է, որ ԱԳ նախարարները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղված հետագա աշխատանքները` առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ տարածաշրջանային թեմաների:

Նախարարները մանրամասն ուսումնասիրել են երկկողմ հարցերի լայն շրջանակ` կապված քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում ռուս-ֆրանսիական կապերի զարգացման հետ: Քննարկվել է հետագա շփումների ժամանակացույցը: