«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին՝ բոյկոտելով նիստում ընդգրկված՝ համայնքների խոշորացմանը վերաբերվող հարցերը՝ այն համարելով ապօրինի և սահմանադրությանը հակասող:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ օրակարգ է բերվել մի հարց, որը «Հայաստան» խմբակցության գնահատմամբ չի համապատասխանում ՀՀ սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:

«Այն համարում ենք հստակ հանցագործություն, և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական: Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ մենք հետամուտ ենք լինելու հետագա իրավական ընթացքին: Հանրապետության նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և պահանջելու ենք նրանից նաև համապատասխան ընթացակարգով այս հարցի վիճարկում»,- ասաց Մինասյանը՝ կրկին ընդգծելով, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս ապօրինություններին:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նույնպես հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը չի մասնակցելու օրակարգի քննարկմանը:

«Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերը՝ առաջին հերթին իրենց ընտրությունը, համայնքների խոշորացման տրամաբանության ընտրությունը քաղաքական անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացնելու նպատակն է հետապնդում: Միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու այս հարցի քննարկմանը»,- ասաց Մամիջանյանը:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հեռացան Ազգային ժողովի նիստերի դահլիճից:

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այս նախագծով նախատեսվում է համայնքների խոշորացում: