Եթե աշխատողներին արգելեն աշխատանքի գնալ, մեր փաստաբանները նրանց անվճար իրավաբանական աջակցություն ցուցաբերեն (տեսանյութ)

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում անց է կացվել աշխատանքային հանդիպում՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Արա Զոհրաբյանի և «Ազատ կամք» նախաձեռնության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով։

Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում «Ազատ կամք» նախաձեռնության ղեկավար Արա Զոհրաբյանը նկատեց, որ քննարկման ժամանակ Առողջապահության նախարարը շատ հարցերի չպատասխանեց, այդ թվում՝ բժիշկների հարցերին, որոնք շատ կարևոր էին։

«Այստեղ էլ արձանագրվեց, որ այսօր հանրության շրջանում կա վստահության պակաս պատվաստանյութի վերաբերյալ, քանի որ տարբեր պետություններ չեն ընդունում մյուսների պատվաստանյութերը, սա նշանակում է, որ մենք ևս մեկ անգամ պետք է զգուշանանք։ Սա նաև իրենց քաղաքական ու բիզնես շահերի հետևանքն է, հետևաբար՝ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք չենք հանդիսանում այդ բիզնես շահերի օբյեկտ, որովհետև ըստ մասնագետների, եթե պատվաստանյութը պատշաճ կլինիկական փորձարկում չի անցել, ստացվում է, որ մենք ինքներս փորձարկման օբյեկտ ենք։ Մեր Սահմանադրությունն արգելում է բժշկական փորձեր կատարել մարդու վրա՝ առանց իր համաձայնության»,- հավելեց Արա Զոհրաբյանը։

Խոսելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշման մասին, ըստ որի՝ քաղաքացիները կամ պարտավոր են պատվաստվել, կամ երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնել, հակառակ դեպքում աշխատող քաղաքացիներին կարող են աշխատանքից հեռացնել, նա շեշտեց. «Սա խտրական մոտեցում է, քանի որ պատվաստված մարդը նույնպես վարակակիր է, այսինքն՝ կարող է վարակվել և վարակը փոխանցել»։

Պարոն Զոհրաբյանը հավելեց, որ նախաձեռնությունն իրավաբանների ու փաստաբանների խմբեր է ձևավորում, որպեսզի եթե աշխատողներին արգելեն աշխատանքի գնալ, մեր փաստաբանները նրանց անվճար իրավաբանական աջակցություն ցուցաբերեն․ «Հիմա եթե իմ աշխատողին ես չթողնեմ աշխատանքի և պահանջեմ ՊՇՌ թեստ, նա հանգիստ կարող է գնալ տուն ու պահանջել աշխատավարձ՝ հայտարարելով, որ իմ պատճառով չի աշխատում։ Եթե նույնիսկ չվճարեմ, նա դատական կարգով կարող է ստանալ»։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս համատեքստում գործատուները լուրջ խնդիրներ ունեն, քանի որ աշխատողը կարող է առանց ՊՇՌ թեստի գնալ աշխատանքի։

Ինչ վերաբերում է «Հանրային ծառայողների մասին» օրենքում կատարվող փոփոխությանը, ըստ որի, եթե հանրային ծառայողները չեն պատվաստվում կամ չեն հանձնում ՊՇՌ թեստ, ապա նրանց կարող են աշխատանքից ազատել, Արա Զոհրաբյանը նկատեց՝ այդ նախագիծը ՀՀ սահմանադրության հետ խնդիրներ ունի։