Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան Թեհրանում եռակողմ նիստ կանցկացնեն

Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները համաձայնության են եկել Թեհրանում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի եռակողմ նիստի անցկացման շուրջ: Այս մասին գրում է Pars Today-ը։

Նշվում է, որ Նյու Յորքում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը, անդրադառնալով այն խնդրին, որ տարածաշրջանում տեղի են ունենում նոր փոփոխություններ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն առավել քան երբևէ կարևորել է երկու երկրների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում, քննադատելով հակաիրանական պատժամիջոցները՝ Իրանի ԱԳ նախարարը շեշտել է. «Հակաիրանական միակողմանի ու անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն»:

Կողմերը նաև պայմանավորվել են, որ երկու երկրների ռազմավարական կոմիտեն կկայանա գագաթնաժողովից առաջ՝ Թուրքիայի արտգործնախարարի այցով և կսահմանվի բարձրագույն կոմիտեի հանդիպման օրակարգը:

Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները նաև համաձայնության են եկել Թեհրանում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի եռակողմ նիստի անցկացման շուրջ:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում լարվել են Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները։ Իրանը Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություններ է անցկացնում, իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ԻՀՊԿ-ն Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ։ Օրերս իրանցի բարձրաստիճան հոգևորականներից մեկը վերջին ուրբաթօրյա աղոթքում անդրադառնալով Ադրբեջանի հակաիրանական քայլերին՝ ասել էր, որ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։ Իրանցի հոգևորականին Բաքվից պատասխանել են ադրբեջանցի պատգամավորի մակարդակով և ասել, որ «Եթե առյուծը Իրանն է ու հետն էլ պոչ ունի, կկտրենք պոչը»։

Իրանը մտահոգություն է հայտնում նաև Կապան-Գորիս ճանապարհին ադրբեջանական զինվորականների կողմից իրանական բեռնատարների ճանապարհի խոչընդոտումը, իրանցի բեռնատարների վարորդներից գումարների գանձումը։ Իրանում այժմ բարձրաձայնում են, որ նման իրավիճակի պայմաններում Իրանը պետք է օգտագործի Բիլե Սավար-Նախիջևան առանցքը, որպես միակ ցամաքային ճանապարհ, որը Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքը կապում է Նախիջևանին և ընթացիկ պայմաններին համապատասխան ճանապարհի մաքսատուրքն ավելացնի։