ԱՄՆ կոնգրեսն Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին․ օրենսդրական փոփոխությունների նախագիծն ընդունվել է

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

Բացի այդ, Քարդենաս-Շիֆ-Շերման փոփոխությունների նախագիծը կոչ է անում զեկույց պատրաստել Ադրբեջանի կողմից դրսևորված պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ քաղաքացիների դեմ անթույլատրելի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:

Նախագիծը պահանջում է նաև հետաքննություն իրականացնել թուրքական անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք կիրառվել են 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում՝ թիրախավորելու հայ բնակչությանը:

Նախագծի համահեղինակներն են կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Էնդի Լևինը, Գաս Բիլիրակիսը, Զոյի Լոֆգրենը, Ֆրենկ Փալոունը, Ջեն Շչակովսկին, Դևիդ Վալադոն, Ջուդի Չուն, Աննա Էշուն, Քեթի Փորթերը, Յանգ Քիմը, Ռաջա Կրիշնամուրթին, Դինա Տիտուսը: