Ինչո՞ւ է կարևոր «Ծիծեռնակաբերդի գործի» բացահայտումը

Սիրելի հայրենակիցներ,

Սույն գրությամբ ցանկանում եմ բոլորիդ տեղեկացնել, որ վերջին տարիների ընթացքում փաստերի ու հավաստի տեղեկությունների հավաքման և համադրման արդյունքում ընդհուպ մոտեցել ենք 2018 թ․ հունիս-սեպտեմբեր ամիսներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ իրականացված խայտառակ ու ստոր կոռուպցիոն գործարքը բացահայտելուն։

Ինչու՞ է կարևոր «Ծիծեռնակաբերդի գործի» բացահայտումը։ Թավշյա խայտառակության հենց առաջին ամիսներին պղծվեց հայության սրբություն սրբոցը և այս գործողությունը մասն էր կազմում մեր ինքնության ու հիշողության ձևախեղման լկտի փորձերի, որոնք արդեն իրականացվում են անթաքույց ձևով։ Թավիշը սպասարկող մի խումբ ազգագրագետների խմբակային կոռուպցիոն գործելաոճը հանգեցրեց անամոթ մեթոդներով ազգագրագետ Հարություն Մարությանին ՀՑԹԻ խցկելուն։

Սա այն մեկնակետն է, որով հեշտորեն կկարողանանք բացահայտել հայությանը բազում արհավիրքներ ու նվաստացումներ բերած մեծագույն խաբկանքի մութ ծալքերը սպասարկող անձանց, ովքեր, իմ խորին համոզմամբ, չպետք է խուսափեն հասարակական պարսավանքից ու, անհրաժեշտության դեպքում՝ նաև պատժից։ Այս գործընթացը խիստ կարևոր է, որպեսզի իրազեկ լինենք, թե ովքեր և ինչ հանձնարարականներով են ապրում մեր կողքին։

Սա բոլորիս անվտանգության համար անհրաժեշտ բացահայտումների ու դիմակներ պատռելու նախաձեռնություն է․․․

Այս գործը լիարժեք բացահայտելու համար անհրաժեշտ է Ձեր ակտիվ մասնակցությունը՝ տասնմեկ անուն-գաղտնաբառ բացահայտելու համար։

Ի՞նչ անունների մասին է խոսքը։ Դրանք այն անձինք են, ովքեր 2018 թ․ սեպտեմբերի 14-ին գործարքի մեջ մտան ներկայիս իշխանությունների հետ և պարտադրված քվեարկության արդյունքում լուրջ հարված հասցրեցին Ծիծեռնակաբերդին և հայոց ցեղասպանության հիշողությանը, որի ձևախեղման առաքելությունը ստանձնեց սկանդալային գործելաոճով հայտնի ներկայիս տնօրեն Հարություն Մարությանը։ Վերջինս մասնակցել է նաև հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված տարբեր դրամաշնորհների և պատահական ընտրված մեկը չէր այս գործարքում։

Կրկնում եմ, սա խիստ կարևոր է, լիարժեքորեն հասկանալու համար մերօրյա ողբերգության հեղինակների հետ համագործակցող անձանց շրջանակն ու փաստագրել նրանց անունները։

Անհրաժեշտ է Ձեր աջակցությունը, որպեսզի այս անձինք ներկայանան հանրային բանավեճ-ասուլիսի՝ լրատվամիջոցների ու հանրության առջև հաշվետու լինելու և, ցանկության դեպքում նաև արդարացնեն իրենց քայլերը։ Ուղղեք իրենց Ձեր հարցումները՝ բացատրություններ պահանջելով ամոթալի այս գործարքին մասնակցելու համար։

Ստորև ներկայացնում եմ այն տասնմեկ անձանց անունները, ովքեր մասնակցել են այդ կոռուպցիոն գործարքին․

Հովհաննես Հովհաննիսյան, ԿԳՄՍ փոխնախարար (նախկին), ՔՊ

Դավիթ Սարգսյան, Սփյուռքի նախարարի տեղակալ, (նախկին)

Վլադիմիր Վարդանյան, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի աշխատակազմի ղեկավար, (նախկին), ՔՊ

Պետրոս վարդապետ Մանուէլեան, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ

Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

Հրանուշ Խառատյան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, (նախկին)

Ռուբեն Մելքոնյան, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան

Ա. Ավագյան, «ICOM ARMENIA»-ի (International Council of Museums) նախագահ

Հ․ Գրիգորյան, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ (նախկին)

Վազգեն Յակուբյան, ՀԲԸՄ-ի Հայաստանի նախագահ, (նախկին)

Այս ցանկից երկու հոգի՝ Հրանուշ Խառատյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը հրաժարվել են նման բանավեճի մասնակցելուց։

Ես պատրաստ եմ բոլոր 11 հոգու հետ մասնակցել հանրության իրազեկման համար խիստ կարևոր այս ասուլիսին՝ ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ։ Պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին՝ միաժամանակ ընդդիմախոսներին ուղղելով կոնկրետ հարցեր՝ հստակ պատասխաններ ստանալու ակնկալիքով։

Հստակ բացատրությունների ակնկալիքով շուտով կրկին հարցում եմ ուղղելու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ, Քուվեյթի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Պետրոս վարդապետ Մանուէլեանին։

 

Հայկ Դեմոյան

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն