Բայրամովը Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել ՄԱԿ-ում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանին մեղադրել է «բանակցությունները ձգձգելու մեջ»: Նա կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա։

Իր ելույթում նա նշել է, որ հակամարտության կարգավորումը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային համագործակցության, զարգացման և բարգավաճման համար՝ միաժամանակ կարգավորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները․ «2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ին ադրբեջանական, ռուսական և հայկական կողմերի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը սկսել են աշխատանքները տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության բացման ուղղությամբ:

Հարաբերությունների աշխուժացումը զգալիորեն կարագացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով առևտուրն ու փոխադրումները, որից կշահեն ոչ միայն այս երկրները, այլև նրանց գործընկերները: Սա կլինի նորմալացման կարեւոր գործոն եւ դրական դեր կխաղա տարածաշրջանում և դրանից դուրս կայուն խաղաղության եւ կայունության պայմանների ստեղծման գործում»,-նշել է նա:

Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության բացմանը վերաբերող հարցերով եռակողմ աշխատանքային խումբը աշխատանքներ է սկսել կոնկրետ ոլորտներում․ «Թեև հաղորդակցության բացումը կարող է կարևոր առաջընթաց լինել, Հայաստանը խոչընդոտներ ստեղծելու և բանակցությունները հետաձգելու մարտավարությամբ փորձում է արգելափակել առաջընթացը»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։