Նոր տեղեկատվական հարթակ դեռահասների համար․ TEENSLIVE

Դեռահասների համար Հայաստանում ստեղծվել է նոր տեղեկատվական հարթակ՝ Teenslive.am, որտեղ նրանք իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ կստանան: Նորություններ, կարևոր թեմաներով հետաքրքիր քննարկումներ մասնագետների հետ. այս ամենի մասնիկը կարող են դառնալ բոլորը: Հարթակի մասին պատմել են ՅՈՒՆԵՍԿՕի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կրթության և առողջապահության հարցերով խորհրդատու Տիգրան Եպոյանը, Դեռահասային առողջության ծրագրերի համակարգող, դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան և երեխաների, դեռահասների առողջության և զարգացման ծրագրերի համակարգող Եվա Մովսեսյանը:

«2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցեց TEENSLIVE կայքի ստեղծմանը, որը պետք է օգներ երիտասարդ տղաներին ու աղջիկներին գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները` հարաբերությունների, հաղորդակցության, սիրո և բարեկամության, հասունանալու և շատ այլ հարցերի շուրջ: Այս ամենի վերաբերյալ ուզում ես հարցնել, երբ մոտ 13-15 տարեկան ես, բայց չգիտես, թե ում, կամ ամաչում ես հարցնել: Դեռահասները տարբեր բնույթի հարցեր  ունեն, բայց միշտ չէ, որ նրանք կարող են հարցեր տալ իրենց շրջապատող մեծահասակներին։ TEENSLIVE-ը  հենց այն հարթակն է, որտեղ դեռահասներին հուզող տարբեր թեմաներով անանուն հարցերի պատասխանները կան: Ճշգրիտ, գիտական հիմնավորված տեղեկատվությունը հասունանալու, հարաբերությունների և առողջության մասին օգնում է երիտասարդներին հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց հետ, քանի որ նրանք փոխվում են, ինչպես է փոխվում նրանց մարմինը, նրանց մտքերը, նրանց հարաբերությունները միմյանց և ծնողների հետ: Պարզ և մատչելի լեզվով ներկայացված այս տեղեկատվությունը, առանց ավելորդ նոտաների, կպչուն խորհուրդների, օգնում է հավասարակշռված որոշումներ կայացնել, հոգ տանել առողջության մասին, կառուցել հարաբերություններ, խուսափել վտանգներից և ռիսկային իրավիճակներից: Իսկ եթե մարդը դժվար ընտրության առջև է գտնվում և չգիտի, թե ինչպես վարվել կամ ցանկանում է ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում, ապա միշտ կարող են դիմել մեր մասնագետներին: Կայքից օգտվել խորհուրդ ենք տալիս նաև ծնողներին: Կայքի հոդվածները կօգնեն ծնողներին ավելի լավ հասկանալ դեռահասի կյանքում տեղի ունեցող փոփոխությունները»:

Այս կայքը մեկնարկել է ռուսերեն և ուկրաիներեն, իսկ մի քանի տարի անց մշակվել է ռումիներեն տարբերակը` Մոլդովայի երիտասարդների համար: Նմանատիպ կայք է ստեղծվել նաև Ղրղզստանում, այժմ այնտեղ գործում է ինստագրամյան էջը:  2017 թվականին «Արաբկիր» բժշկական կենտրոնի գործընկերների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը (ԿՏՏԻ) սկսեց քննարկել հայ աղջիկների և տղաների համար նման կայք ստեղծելու հնարավորությունը։ Այսպես, 2018 թվականի փետրվարին ստեղծվեց հայկական ԹԻՆՍ-ը` Teenslive.am: Սա Հայաստանում առաջին կայքն էր, որտեղ պատանիները կարող էին ոչ միայն գտնել իրենց հետաքրքրող տեղեկատվությունը, այլև հարց ուղղել մասնագետներին, որոնց պատասխանները չեն վնասի երիտասարդներին։ Հիմա  բազմաթիվ հարցերով դիմում են հազարավոր երիտասարդներ: Ամեն օր հարթակ այցելում է ավելի քան 70 հոգի, իսկ կայքի նյութերը դիտում են ավելի քան 250 հոգի, ինչը Հայաստանի համար վատ ցուցանիշ չէ:  Հետաքրքրության շրջանակը օրեցօր ավելանում է: Հայ դեռահասների համար նման ռեսուրս ստեղծելու գաղափարին իրենց աջակցությունն են ցուցաբերել «Արաբկիր» կենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը և Սերգեյ Սարգսյանը:

Տրվող հարցերի և պատասխանների մասին մանրամասնեց Մարինա Մելքումովան.

«Նեղ մասնագիտական հարցադրումների դեպքում բաժանորդների հարցերին պատասխանում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի մասնագետները, որոնք Հայաստանում երեխաների և դեռահասների առողջության և զարգացման լավագույն մասնագետներն են:  Կայքը բաց է բոլորի համար: Օգտվելու և կարդալու համար կայքը գրանցում չի պահանջում: Այս կայքն ի սկզբանե նախատեսված է նրանց համար, ովքեր մտնում են փոփոխության տարիքի մեջ, քանի որ յուրաքանչյուրի մոտ տարբեր ժամանակահատվածում է սկսվում,  ապա կայքի նյութերը կարող են պահանջված լինել տարբեր տարիքային խմբերի համար: Չի բացառվում նաև այն, որ ոչ բոլոր ընտանիքներում է ձևավորվել մարմնի, վերարտադրողական և սեռական առողջության, սիրո և հարաբերությունների մասին բաց խոսակցության մշակույթը: Այսպիսով, նման գիտելիքներն ակտուալ են ցանկացած տարիքում: Այսօր կայքի հաճախորդների ավելի քան մեկ երրորդը 25-34 տարեկան երիտասարդներ են, գրեթե մեկ քառորդը՝ 18-24 տարեկան։ Ընդ որում, դժվար է ճշգրիտ գնահատել, թե կայքի բոլոր այցելուների մեջ ինչ մասնաբաժին են կազմում 18 տարեկանից փոքրերը, քանի որ կայքերի համակարգերի մեծ մասը թույլ չեն տալիս հավաքագրել այդ տվյալները: Շատ հաճախ ծնողներն էլ են հարցեր տալիս դեռահասների զարգացման, հոգեբանական խնդիրների մասին»:

Եվա Մովսեսյանը՝ թեմաների ընտրության, հաճախ տրվող հարցերի մասին.

«Կայքը բաժանված է 3 հիմնական բաժինների` ԿԱՐԴԱԼ, ԻՄԱՆԱԼ ԵՎ ՀԱՐՑՆԵԼ: «Կարդալ» բաժնում հավաքված են ավելի քան 100 հոդված, որտեղ փորձագետները պատմում են սիրո և հարաբերությունների, առողջության, ինչպես շփվել հասակակիցների և մեծահասակների հետ՝ այդ թվում ծնողների հետ, ինչպես լուծել կոնֆլիկտային իրավիճակները, թույլ չտալ մանիպուլյացիայի ենթարկել իրեն: Ինչպես չլինել կախված ծխախոտից, ալկոհոլից, թմրանյութերից: Ինչպես խուսափել բռնությունից, հետապնդումներից, հարկադրանքից, ինչպես վարվել բարդ իրավիճակներում, ում և ինչպես կարելի է դիմել օգնության համար: Նույն թեմաներով պատասխաններ կարելի է գտնել «Հաճախ տրվող հարցեր» բաժնում: Իսկ եթե չգտնեն իրենց հարցի պատասխանը, այն անմիջապես կարելի է ուղղել մասնագետին:  «Իմանալ» բաժնում դեռահասները կարող են ծանոթանալ հետաքրքիր գիտական, երիտասարդական և բժշկական վերջին նորություններին»:

Գործում են նաև կայքի ֆեյսբուքյան և  ինստագրամյան էջերը: 2018 թվականին   ԿՍՍԻ ՅՈՒՆԵՍԿՕ-ի երիտասարդական հաղորդակցական ծրագրերի պատասխանատու Ալեքսանդրա Իլիևան և երիտասարդական մեդիա նախագծերի ոլորտում ճանաչված մասնագետ Արուսյակ Մկրտչյանը սկսեցին TEENSLIVE.AM-ի հարթակի թարմացումը:

Կամավորական սկզբունքների հիման վրա ստեղծվեց երիտասարդական մի խմբագրություն, որտեղ 16-23 տարեկան 20 պատանի ընգրկվեցին, որոնք անցել էին համապատասխան թրեյնինգներ և վերապատրաստում: Նրանք ստեղծում են կայքի համար բովանդակություն և հոդվածներ՝ համապատասխան մասնագետների ուղղորդությամբ: Խմբագրության անդամները և նրանց կուրատորները միասին կազմում են կոնտենտ-պլանները և աշխատում են դրանց իրականացման վրա: Սովորաբար կամավորները Teenslive-ում անցկացնում են 3-ից 6 ամիս, և ըստ կատարած աշխատանքի մենք բոլորին տալիս ենք բնութագրող նամակներ: Նման մոտեցման շնորհիվ նախագծի մոտ հայտնվում են «դեմքեր»  և տարեցտարի ընդլայնվող «ամբասադորների»  թիմը՝ հավատարիմ բաժանորդների ու ակտիվիստների շնորհիվ, որոնք տարբեր ժամանակ եղել են նախագծի մի մասը և շարունակում են ակտիվորեն հետևել նրանց խմբագրությունում աշխատանքի ավարտից հետո։ Ի դեպ, կան երիտասարդներ, ովքեր որոշ ժամանակ անց վերադառնում են արդեն ոչ թե որպես կամավորներ, այլ որպես փորձագետներ և նորեկների ուսուցիչներ։