Տեսությունը, թե՝ Կովկասում ոչ մի հրանոթ չի կրակում առանց Կրեմլի գիտության, Ղարաբաղի դեպքում խափանում տվեց. ռուսաստանցի փորձագետ

Ռուսաստանցի խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք բուն Ռուսաստանում ընդունվել է ոչ միանշանակ։ Այս մասին Երևանի պետական համալսարանում «Ռուսաստանը Հարավային Կովկասում. սպառնալիքներ և մարտահրավերներ արդի հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համար» թեմայով հանրային ելույթի ընթացքում սեպտեմբերի 22-ին ասաց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գործընթացների  վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը։

Փորձագետի խոսքով՝  դեռևս այն ժամանակ էր առաջ եկել միմյանց հակասող երկու կարծիք։ «Շատերը կարծում էին, որ Ռուսաստանը կարող էր հանդես գալ որպես խաղաղապահ և կանգնեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում, բայց նա դա չարեց և, փաստորեն, մեծացրեց և ուժեղացրեց իր ներկայությունը տարածաշրջանում։ Կարծիք կա նաև, որ դա ռուսաստանյան դիվանագիտության հաջողությունն է և Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական կարգավիճակի հերթական հաստատումը»,- ասաց Սիլաևը։

Իսկ այս տեսության ընդդիմախոսները կարծում են, որ Ռուսաստանը լուրջ արտաքին քաղաքական պարտություն է կրել։ Դա, իր հերթին, հանգեցրել է այն բանին, որ Թուրքիան ձեռք է բերել նոր ազդեցություն և կարգավիճակ տարածաշրջանում՝ ցուցադրելով իր վճռականությունը, ուժ կիրառելու պատրաստակամությունն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է։ «Դա էապես թուլացրեց Ռուսաստանի ազդեցությունը, քանի որ հենց Ռուսաստանի դաշնակիցը կրեց պարտություն պատերազմում»,- պարզաբանեց փորձագետը։

Ինքը՝ Սիլաևը, ավելի շուտ վերջին տեսակետի կողմնակիցն է։ Հետազոտողի կարծիքով՝ տեսությունը, ըստ որի՝ Կովկասում ոչ մի հրանոթ չի կրակում առանց Կրեմլի գիտության, Ղարաբաղի դեպքում խափանում տվեց։ Դրա վկայությունը, կարծում է փորձագետը, այն է, որ մարտական գործողությունների ընթացքում Մոսկվան մեկ անգամ չէ, որ դիմեց Բաքվին և Երևանին՝ ռազմական գործողությունների դադարեցման պահանջով, բայց նրա բոլոր կոչերը, ըստ էության, անտեսվեցին։  Դա, միջազգայնագետի կարծիքով, լրջորեն հարվածել է Ռուսաստանի հեղինակությանը որպես Հարավային Կովկասում գերիշխող տարածաշրջանային տերության։ «Ռուսաստանն անգամ ստիպված էր ամենալուրջ ազդանշանները տալ նրանց, ովքեր ներգրավված էին այդ ռազմական գործողություններում։ Ես նկատի ունեմ թե՛ ավիահարվածները Սիրիայում ահաբեկիչների դեմ, որոնց աջակցում է Թուրքիան, թե՛ մասշտաբային զորավարժությունները Սև և Կասպից ծովերում՝ թևավոր հրթիռների ուսումնական արձակումներով։ Բայց, չնայած այդ բոլոր ազդանշաններին, բանն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց»,- ասաց ռուսաստանցի վերլուծաբանը։

Այնուամենայնիվ, Նիկոլայ Սիլաևի կարծիքով՝ Թուրքիան, որն ակտիվորեն ներգրավված էր հակամարտությունում Ադրբեջանի կողմից, նույնպես որևէ լուրջ հաջողություն չի գրանցել, քանի որ չկարողացավ հասնել հիմնական նպատակներին, այն է՝ ամրանալ Ադրբեջանում ոչ միայն քաղաքական, այլև ռազմական մակարդակով։ Անկարան, միջազգայնագետի խոսքով, հույս ուներ Ադրբեջանի տարածք մտցնել իր խաղաղապահներին, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։ «Թուրքիան առաջարկեց Ռուսաստանին սկսել տարածաշրջանի համատեղ կառավարումը։ Այսինքն՝ բացառել Մինսկի խմբին, որտեղ Թուրքիան խաղում է բնավ ոչ հեղինակավոր դեր, և ստեղծել մի ինչ-որ նոր ձևաչափ, որտեղ Անկարայի դերը կարևորներից մեկը կլինի»,- ամփոփեց փորձագետը։