Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Հանձնաժողովի իշխանական անդամները դեմ քվեարկեցին նրա թեկնածությանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարանն ասաց, որ հնգօրյա ժամկետում հանձնաժողովը  կրկին  արտահերթ նիստ կանի՝ չմոռանալով օրակարգի այլ խնդիրներ:

Նշենք, որ հարցի քվեարկությունը տեղի ունեցավ առանց ընդդիմության ներկայացուցիչների, քանի որ մինչ այդ ընդդիմադիր պատգամավորները դուրս էին եկել սենյակից՝ քննարկումն անիմաստ համարելով:

Արթուր Ղազինյանն ասաց, որ արդեն չորրորդ անգամ է այս օրակարգը բերվում հանձնաժողով և դա իշխանության պարտավորության և պատասխանատվության տիրույթում է  գտնվում:

«Իշխանությունը չի կարող պարտադրել  ընդդիմությանը փոխել իր որոշումը: Դա առնվանզ կոռեկտ չէ:  Ձեր որոշումը կայացրեք, հարցերը հնչել են, պատասախանները տրվել են, ելույթները հնչել են, ներկայացվել է երեք անգամ թեկնածուն, որևէ նոր ասելու բան  չունեմ:

Հետևաբար ձեզ է պատկանում պատասխանատվությունը, ձեր որոշումը կայացրեք և հրապարակեք: Շնորհակալություն,  ես դուրս եմ գալիս»,- ասաց Ղազինյանը՝ հեռանալավ սենյակից:

Դուրս եկան ընդդիմադիր մյուս անդամները ևս: