Ղարիբաշվիլին և Էրդողանը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են վարել, որոնց ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում,  փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում:

«Զրույցը տարածաշրջանում զարգացող իրադարձությունների մասին էր: Իրակլի Ղարիբաշվիլու խոսքով՝ Վրաստանի ամենակարևոր նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է, և երկիրը պատրաստ է կատարել իր խաղաղապահ գործառույթը՝ Կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև Ադրբեջանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների դիմաց Հայաստան 15 հայ զինվորների տեղափոխմանը: Գործընթացը տեղի ունեցավ հունիսին՝ Վրաստանի միջնորդությամբ: Ինչպես ընդգծվել է հաղորդագրության մեջ, Ղարիբաշվիլին և Էրդողանը նշել են, որ տեղի ունեցած փոխանակումը «լավ հիմք է հարևանների միջև համագործակցության համար»: