Կաթողիկոսը հրավիրված է եղել ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, սակայն ներկա չի մասնակցել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրված է եղել ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, սակայն չի մասնակցել։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել են ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված տոնական համերգին մասնակցության հրավերներ։ Նպատակահարմար է նկատվել, որ հիշյալ տոնական համերգին ներկա գտնվեն Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և Ասողիկ աբեղա Կարապետյանը», – այս մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, փոխվարչապետները, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ։

Մինչ այդ, Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն առանձին էր այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։