Ազգային փոքրամասնությունների գյուղերը չպետք է խոշորացվեն

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ազգության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովի կարծիքով՝ այն գյուղերը, որոնց բնակչության ճնշող մեծամասնությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, խոշորացման գործընթացի մեջ չպետք է ներառվեն: Այս մասին նա ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

«Գտնում եմ, որ ճիշտ է, որ գյուղը մնա իր մշակույթով, իր լեզվի պահպանման հարցերով, բայց այն գյուղերը, որտեղ մեծամասնությունը տվյալ ազգի ճնշող մեծամասնությունն է, ինձ թվում է՝ ճիշտ կլինի, որ չխոշորացվեն: Իսկ այն գյուղերում, որտեղ հավասար բնակչություն է, պետք է դա հաշվի առնել»,- ասաց Հասանովը:

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ նշեց՝ բոլորովին կարևոր չէ, թե որ գյուղում քանի տոկոս ինչ մշակույթ, ինչ ազգային պատկանելիություն կրող հայրենակիցներ են ապրում. եթե անգամ նրանք քիչ են, ապա պետք է լինեն պետության ամենամեծ հոգածության առարկան: «Եթե անհրաժեշտ է, ապա պետք է ՏԻՄ օրենքում փոփոխություն անենք և բյուջետային, ծրագրային բոլոր հնարավոր լուծումները տանք, որ մարդկանց այդ հանրույթն իրեն ավելի վստահ զգա իր մշակութային ժառանգության, ինքնության պահպանման, կրթության տեսլականի մեջ»,- ասաց փոխնախարարը: