Ի՞նչ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի 1-ից շարունակելու է ստուգայցեր իրականացնել հայաստանյան տնտեսվարողների շրջանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը:

Նրա խոսքով, ստուգայցերը պլանավորվում են մեկ օր առաջ, և առաջին հերթին ընտրվում են այսպես կոչված ռիսկային կազմակերպությունները, որտեղ գրանցվել էր կորոնավիրուսի 3 և ավելի դեպք, ինչպես նաև մարդաշատ վայրերը, օրինակ, առևտրի կենտրոնները: Սակայն դա չի նշանակում, որ այլ կազմակերպություններում ստուգայցեր չեն կատարվելու:

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշում իրականացնելն է, այլ՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելումը», – ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ տուգանքի որոշումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ 10-ից 20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվում է 40-ից 120 հազար դրամ տուգանք։

Հարցին՝ եթե աշխատակցիների մի մասը ոչ պատվաստված է, ոչ թեստավորված, այդ դեպքում ի՞նչ է նախատեսվում, պաշտոնյան արաձագանքեց. «Մենք կարող ենք նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ հաճախել երկու անգամ, որևէ սահմանափակում չկա։ Եթե խախտումները շատ են ու տրվել է կարգադրություն, որ պետք է վերացնեն խախտումները, այնտեղ կրկնակի ստուգայցեր են կատարվում, որ ստուգենք՝ ինչքանով է կատարվել մեր կարգադրությունը»։