Բլինկենն ու Չավուշօղլուն խոսել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ՄԱԿ գլխավոր վեհաժողովի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը` ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ լրագրողների համար հատուկ ճեպազրույցում:

«Հանդիպումը, որը տեղի է ունեցել կեսօրին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, տևել է մոտ մեկ ժամ»,- նշել է ներկայացուցիչը:

«Իհարկե, նրանք քննարկել են Աֆղանստանը, խոսել են նաև Սիրիայի մասին: Բացի դրանից, նրանք համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»,- շարունակել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: