Թուրքիան հայտարարել է, որ չի ճանաչում Պետդումայի ընտրությունները Ղրիմում

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ղրիմում Պետդումայի ընտրությունները ոչ մի իրավական ուժ չունեն Անկարայի համար, քանի որ երկիրը չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանի Դաշնությանը: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը: Ըստ այդմ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել են նաև Ղրիմում 2021 թվականի սեպտեմբերի 17-ից 19-ը, այնքանով, որքանով դրանք վերաբերում են Ղրիմին, իրավական ուժ չունեն Թուրքիայի համար»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչի հայտարարության մեջ:

Ղրիմը դարձել է Ռուսաստանի մարզ 2014-ի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որով Ղրիմի ընտրողների 96,77% -ը և Սևաստոպոլի բնակիչների 95,6% -ը կողմ արտահայտվեցին Ռուսաստանին միանալուն: Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Ուկրաինան, դեռ Ղրիմը համարում են ուկրաինական, բայց ժամանակավորապես օկուպացված տարածք: Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի  հարցը «վերջնականապես փակված է»: