Չպետք է թույլ տանք, որ դժվար օրերը մեր մեջ սերմանեն հուսահատության, պայքարի անկարողության կործանարար զգացումը․ ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության գլխավոր երաշխավորն է՝ ուր էլ լինենք:

Չպետք է թույլ տանք, որ դժվար օրերը մեր մեջ սերմանեն հուսահատության ու անճարության, պայքարի անկարողության կործանարար զգացումը:

Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության արժեքը:

Պետք է դասեր քաղենք անցյալի բացթողումներից և առաջ շարժվենք մեր ուժերի նկատմամբ հավատով, մեր երեխաների նկատմամբ պատասխանատվությամբ: Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայրենիքի, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանք զոհած հերոսների հիշատակին:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ»,- նշված է ուղերձում: