Թքել եմ կեղծ անկախության ու նրա 30-ամյակի` էյվազլուների և էռատոների սրբապիղծ ու դիվային տոնահանդեսի վրա

Ի՞նչ անկախություն, ի՞նչ տոնահանդես, ի՞նչ անկախության ու տոնահանդեսի մասին կարող է խոսք լինել

 

Սա մեր` հայերիս տոնահանդեսը չէ ու չի կարող լինել, հակառակը` սեպտեմբերի 21-ին նախատեսվածը ծաղրուծանակ է հայերիս նկատմամբ ու հասարակությանը պառակտելու, միմյանց նկատմամբ թշնամացնելու հերթական միջոցառում: Մեկ էլ գուցե` թշնամուն տրված խոստման կատարում…

Ի՞նչ տոնահանդես, տոնակատարություն, տոնախմբություն ներքին թշնամու տիրած և արտաքին թշնամու զավթած (ճիշտ է, առայժմ ընդամենը դեռ մասնակի…) Հայաստանում…

Եվ ի՞նչ անկախության մասին կարող է խոսք լինել, երբ իրականում այդ անկախությունը կեղծ է, մենք հիմա ավելի կախյալ ենք, քան 30 տարի առաջ կամ խորհրդային տարիներին. եթե այն ժամանակ կախյալ էինք միայն Կրեմլից, ապա այժմ կախյալ ենք և՛ Մոսկվայից, և՛ Վաշինգտոնից, և՛ Եվրախորհրդից, և՛ Եվրամիությունից, և՛ Համաշխարհային բանկից, և՛ Արժույթի միջազգային հիմնադրամից, և՛ նույնիսկ Ադրբեջանից, որը մեզ թելադրող ու տերուտիրական է դարձել մեր իսկ երկրում (ի դեպ, եթե ազգովի Նիկոլի դեմը չառանք, շուտով կախյալ ենք դառնալու նաև Թուրքիայից):

Թքել եմ կեղծ անկախության ու նրա 30-ամյակի` էյվազլուների և էռատոների սրբապիղծ ու դիվային տոնահանդեսի վրա:

Ա՛յն կեղծ անկախության վրա, որի ընթացքում մեզանից բազմահազար զոհեր և հայրենիքի տարածքներ խլվեցին, ա՛յն անկախության վրա, որի ընթացքում մեր հայրենիքը նաև արտագաղթի հետևանքով` 1,5 միլիոնը գերազանցող, կորցրեց իր ամենաթանկ կապիտալը` մարդուն, այն անկախության վրա, որի ընթացքում մեր երկրի տնտեսությունն ավերվեց, գիտությանն ու կրթությանը մեծ հարվածներ հասցվեցին:

Ա՛յն «անկախության» վրա, որի ընթացքում բնակչությունն աղքատացավ, հայտնվեցին մուրացկաններ, խանութներից պարտքով գնումներ կատարողներ, բանկերից վերցրած վարկերը վերադարձնել չկարողանալու պատճառով գրավադրված իրենց տները կորցրածներ, և սնունդ կամ դեռ պիտանի ինչ-որ իր գտնելու համար նույնիսկ աղբանները քջջող հայեր, ա՛յն «անկախության» վրա վրա, որի ընթացքում կոռուպցիան հազարապատկվեց կամ աճեց ավելին, հիվանդացությունը, մահացությունը, սպանությունները և այլ հանցագործություններն աճեցին, ամուսնությունները, ծնելիությունը նվազեցին:

Սև՛ է վաղվա տոնահանդեսը բազմաթիվ առումներով: Սև է, որովհետև պետական դավաճանության արդյունքում շուրջ երեք քառորդով կորցրել ենք անցած 30 տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումը` Արցախը, որը հենց այնպես չէր տրվել հայերիս, երկնքից ընկած խնձոր, նվեր չէր մեզ տրված. թշնամուց Արցախի ազատագրման ու հետագա պաշտպանության համար հիմնականում ազգի սերուցքը հանդիսացող հազարավոր հայորդիներ իրենց կյանքն էին զոհաբերել, շատ ուրիշներ դարձել հաշմանդամ ու վիրավոր:

Սև՛ է վաղվա տոնահանդեսը, որովհետև 44-օրյա պատերազմի արդյունքում բացի պարտությունից, Դադիվանքի ու Սուրբ Ղազանչեչոցի, Հադրութի ու Շուշիի, հայրենիքի մի մասի կորստից, ավելի քան 5000 հայորդիների կյանք ենք կորցրել, որոնց շիրիմները դեռ թարմ են, մի մասի աճյուններն էլ` դեռ նույնիսկ չգտնված ու չհուղարկավորված: Պատերազմի արդյունքում 10 000-ից ավելի հայեր վիրավորվեցին, նրանց մի մասը դարձավ հաշմանդամ:

Սև՛ է վաղվա տոնահանդեսը, որովհետև 2020թ. նոյեմբերի 9-ին հողատու կապիտուլյանտը, որին պետական դավաճանության մեջ մեղադրելու բազմաթիվ հիմքեր ունեմ (դրանք անցյալ տարվանից ավելի քան 20 հրապարակմամբ ներկայացրել եմ որպես հաղորդում հանցագործության մասին, հիմքերի մի մասն էլ դեռ նոր եմ ներկայացնելու), թշնամու հետ կապիտուլյացիոն համաձայնագիր է ստորագրել, որի ամբողջական իրագործումն Արցախի և Հայաստանի Հանրապետության համար ծանրագույն հետևանքներ է ունենալու:

Սև՛ է վաղվա տոնահանդեսը, որովհետև նույնիսկ կապիտուլյացիոն համաձայնագրից հետո Արցախում խաղաղություն չկա, մեր դիրքերին ու բնակավայրերին թշնամու կրակոցների, նոր զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները հաջորդում են միմյանց:

Սև՛ է վաղվա տոնահանդեսը, որովհետև անցյալ տարվա պատերազմից հետո դարձյալ պետական դավաճանության արդյունքում թշնամին արդեն Հայաստանի մի մասն է զավթել Սյունիքում և Գեղարքունիքում, այնտեղ տերուտիրական է, կրակել է, սպանել, վիրավորել ու շարունակում է կրակել:

Սև՛ է վաղվա տոնահանդեսը, որովհետև թշնամին Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը հայկական կողմի պետական դավաճանության և համաձայնության արդյունքում իր վերահսկողության տակ է վերցնել և այնտեղ ինչպես ուզում, այնպես էլ վարվում է` Իրան-Հայաստան-Իրան բեռնափոխադրումներ իրականացնող իրանցի վարորդների բեռնատարներն է կանգնեցնում, արգելում երթևեկել, նրանց փաստաթղթերը պահանջում, ՀՀ գրեթե գոյություն չունեցող տնտեսությունը կործանելու հեռահար նպատակով վարորդներից խոշոր գումարներ գանձում, «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը կանգնեցնում, արցախցի պատանիների նկատմամբ սպառնալից քարոզչությամբ զբաղվում` «Արդեն իմացեք՝ Լեռնային Ղարաբաղ չկա, դուք արդեն ադրբեջանցի եք», «Ղարաբաղ բիզիմդիր», «Ղարաբաղ էտո Ազերբայջան», ավտոբուսի վրայի Արցախի խորհրդանիշը քերում- հանում, սեպտեմբերի 18-ին Քասախի երկու հայ բնակիչների առևանգում, գերեվարում, որոնք, ըստ ՀՀ «ԱԱԾ» կոչվածի, իբր ճանապարհից շեղված են եղել:

Վերջին, թարմ դեպքն էլ, ինչպես գիտեք, երեկ Որոտանի հատվածում ադրբեջանցի զինվորականների կողմից ռացիայի անտենայով հայ երիտասարդին խփելը, ճիպտելն է եղել, ինչպես իրենց հովիվներն իրենց ոչխարներին ու մյուս անասուններին են մտրակում: Սա նվաստացուցիչ է բոլորիս համար:

Սև՛ է այդ վաղվա տոնահանդեսը, որովհետև «թավշյա հեղափոխություն» կոչված հեղաշրջումից կամ իշխանազավթումից հետո այն իրականացնողները մեր հասարակությունը պառակտել են, բաժանել թշնամական երկու մեծ բանակների ու դրանով իսկ թուլացրել արտաքին թշնամու առջև:

Ներող եղեք, եթե անցած 30 տարում մեր կորուստների, մեր նկատմամբ հանցագործությունների, չարագործությունների ողջ ամբողջական թվարկումը կատարեցի: Եվ մի՛ մասնակցեք տոնահանդեսին, այլ միայն` դրա դեմ բողոքին…

 

Արթուր Հովհաննիսյան