Հույս ունենք՝ Գորիսի այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կկառուցվի․ ՀՀ-ում Իրանի դեսպան (տեսանյութ)

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հույս է հայտնել, որ Գորիսի այլընտրանքային ճանապարհը կկառուցվի հնարավորինս արագ։ Այս մասին հայտնում է Pars Todayը։

Դեսպանի խոսքով՝ «Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ձեռք է բերվել եռակողմ խաղաղության համաձայնություն՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Դրանից հետո բանակցություններ են սկսվել սահմանազատման վերաբերյալ»։

«Խորհրդային Միության քարտեզների համաձայն, Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցներն առանց արգելքի այս ուղղությամբ երթևեկեն։

Այժմ, ինչպես գիտեք, Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահներն արդեն մի քանի օր է՝ կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին՝ որպես մաքսատուրք որոշակի գումարներ են գանձում իրանցի վարորդներից։ Թերևս Ադրբեջանը օտարերկրյա տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր մուտք ու ելքի համար գանձում է ճանապարհային հարկ։

Իրանական կողմը, այդ թվում դեսպանատունը, ջանքեր է գործադրում, որպեսզի, որքան շուտ այս հարցն իր լուծումն ստանա և մինչև այդ Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կառուցվի։ Խոսքը Տաթևի ճանապարհի մասին է և իրանցի վարորդները բեռնափոխադրումները կկատարեն այս ճանապարհով՝ անվտանգ ու ապահով պայմաններում»,-ասել է դեսպանը։