Հենց այս պահին սահմանին գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում. Մհեր Գրիգորյան

Ես կոնկրետ պատասխաններ չեմ տա, որովհետև հենց այս պահին բանակցություններ են ընթանում և չեմ կարող որևէ հստակ բան ասել սահմանին գազի գնի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանում անցկացվող «Armenian Business Forum»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հարցին:

«Սակագնի ձևավորման առումով մենք կարծում ենք, որ մեզ մոտ բացարձակ հավասարակշռված իրավիճակ է: Վերջին 2 տարում հսկայական աշխատանք է արվել այս ուղղությամբ: Սակագնի ձևավորման հարցում կա բացարձակ փոխադարձ կոնսենսուս և փոխըմբռնում:

Այսօր միջազգային շուկայում գները ցույց են տալիս, որ գազի գնի հարցը արդիական է, որը հանգեցրել է բանակցային գործընթացի, որը հիմա ընթանում է: Արդյունքների մասին կտեղեկացնենք»,-ասաց նա: