Համերգի հովանավորն էլ Սելջուկ Բայրաքթա՞րն է․ Այլընտրանքային նախագծեր խումբ
Գունագեղ համերգի նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլը Էրդողանից հանդիպում է խնդրել։
Համերգի կողմնակիցներն ու մասնակիցները, այսպիսով, ստանում են նոր, ավելի խորքային դերակատարում։
- Քաղաքակիրթ աշխարհում կա հստակ օրենք. եթե մի բան բերելու է հասարակության պառակտմանը, եթե վիրավորելու է հասարակության մի հատվածին, եթե ցավ է պատճառելու շատերին, ուրեմն պետք է չարվի։ Նոր Հայաստանի թալիբները մերժում են քաղաքակրթական բոլոր նորմերը։
- Գործող իշխանությունը չունի բարոյական իրավունք` սեպտեմբերի 21-ի տոնակատարություն կազմակերպելու և «տոնական» ելույթ ունենալու՝ բացառությամբ, եթե այդ ելույթը ներողության և հրաժարականի մասին չէ։ Իշխանությունը, որի օրոք եղել է պետականության կորուստ Արցախում, Հայաստանի միջպետական ճանապարհներին ադրբեջանական զինվորներ են, պետության ներսում առևանգվում են քաղաքացիներ, իսկ պետության անվտանգությունն ապահովում են ռուս զինվորները, իրավունք չունի խոսելու անկախության գաղափարից։
- Համերգի մասնակից երաժիշտները պարտավոր են հասկանալ, որ ակամայից ցավ են պատճառում հասարակության մի մեծ հատվածի, և պիտի որ առանց երկար մտածելու հրաժարվեին մասնակցությունից։ Արժանապատիվ հասարակության մեջ նրանք, ովքեր այնուամենայնիվ կմասնակցեին այդ համերգին, այնուհետև կարժանանային մերժման, դատարկ դահլիճների՝ ով ուզում է լինի, ինչ վաստակի և ինչ ճանաչվածության։
- Հրապարակ քշվող հանդիսատեսը պարտավոր է հասկանալ, որ իր ֆիզիկական ներկայությամբ ցավ է պատճառում ուրիշներին, և մի օր ինքը պարտավոր է «ոչ» ասել իր ֆեոդալին։
- Լուռ նստած մտավորականությունը, որն ինքնակամ խեղդել է իր ձայնի իրավունքը, պարտավոր է հասկանալ, որ իր մշտական լռությամբ ունի մեղքի հսկայական բաժին՝ հասարակության այսօրվա որակի մեջ։
Այլընտրանքային նախագծեր խումբ