ՄԱԿ-ը չի պահանջի պատվաստման ապացույցներ Գլխավոր Վեհաժողովի դահլիճ մուտք գործելու համար

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նախագահ Աբդուլա Շախիդը հայտարարել է, որ Գլխավոր վեհաժողովի դահլիճ մուտք գործելու համար կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայություն ներկայացնելը պարտադիր չէ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պատվաստման մասին իմ նամակի կապակցությամբ կցանկանայի պարզաբանել, որ 76-րդ նստաշրջանի, այդ թվում՝ բարձր մակարդակով անցկացվող շաբաթվա ժամանակ ուժի մեջ կմնա համակարգը, որը գործում էր 75-րդ նստաշրջանի ժամանակ, որը հիմնված էր պատվիրակների ազնիվ խոսքին վստահելու վրա»,-նշված է նախագահի նամակի տեքստում:

Ավելի վաղ Շախիդը հրապարակել է նամակ, որում նշված էր, որ ՄԱԿ-ի ԳՎ դահլիճ մուտք գործելու համար պատվիրակները պետք է ներկայացնեն պատվաստման մասին վկայություն: Նշված էր նաև, որ ընդունվում են միայն ամերիկյան բժշկական կարգավորիչների կողմից հաստատված պատվաստանյութերը: