ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա. Ծառուկյանը՝ կառավարության հրաժարականին հասնելու պրոցեսների մասին

Այո, ես ասել եմ, որ մինչև վերջ գնալու եմ, մինչև վերջ գնացել եմ. ես մինչև վերջին պահն էլ իմ տեսակետը, իմ պատկերացումը, ծրագիրը ներկայացրել եմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Factor.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրություններից հետո ինքը հայտարարել էր, որ մինչև վերջ գնալու է և պահանջելու կառավարության 100 տոկոս հրաժարականը:

Հարցին, թե հիմա շարունակո՞ւմ է պահանջել կառավարության հրաժարականը, ԲՀԿ առաջնորդը հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Հիմա այնպիսի ընդդիմություն  կա, ավելի արմատական ընդդիմություն են, որ իրենք էդ գործը մեզնից էլ ինչ կախված է, մենք պատրաստ ենք  ասելու, ներկայացնելու: Բայց ասում էին՝ էն ընդդիմությունը, որ մենք ենք, իրենք ավելի ուժեղ ընդդիմություն են լինելու»:

Հարցին, թե եթե նման պրոցեսներ լինեն, ԲՀԿ-ն կմիանա՞, Ծառուկյանն արձագանքեց. «ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա: ԲՀԿ-ն իր տեղում է, իր գործով զբաղվում է, կառուցողական, ոչ թե այսօր ինչ-որ… այսօր մենք էս երկրում ենք ապրում: Այսօր ցանկացած մարդ պետք է կարողանա իր հնարավորություններն օգտագործի ի օգուտ իր երկրի, ժողովրդի: Ոչ թե մի վատ բան լինի, ուրախանաս: Այս երկրում ապրողը ուրախանում է տնտեսության հզորացմամբ, պետության հզորացմամբ»: