«Խաղաղության» համաձայնագիրը պատերազմից բացի, ոչինչ չի բերի մեր երկրին. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Նախորդ շաբաթ իշխանական քարոզչամեքենան արշավ էր սկսել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, իբր փորձելով պատճառաբանել, թե նախագահ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի հաջորդ օրը գտնվում էր Բադեն-Բադեն քաղաքում, որը շատ արագ հերքվեց նախագահի ներկայացուցիչ Ամրամ Մատինյանի կողմից հստակ ապացույցներով, որ նախագահը մեկնել է Գերմանիա, վայրէջք կատարել Բեռլինի ռազմական օդանավակայանում։ Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Դա օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղված։ Եվ հաշվի առնելով, որ նախկինում օլիգարխ պատգամավորի տեքստեր գրող, դեղին մամուլով հերքումներ և նորություններ տպող անձնավորությունն այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, հավանաբար ժամանակ էր պետք, որպեսզի հիշյալ օլիգարխը հասցնի պատրաստել ներողության տեքստը։ Երբ օրվա ավարտին այդ քարոզչամեքենային միացան նիկոլական քարոզչամեքենայի այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Ազատությունը», Հանրային հեռուստաընկերությունը, հասկացա, որ մենք ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական, կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում»,-նշեց պատգամավորը։
Նրա ձևակերպմամբ՝ խոսքը վերաբերում է «խաղաղության» համաձայնագրին։
«Այդ համաձայնագիրը, պատերազմից բացի, ոչինչ չի բերի մեր երկրին։ Չեմ կարող չհիշատակել նաև այս ամեն ինչի ճարտարապետին` Սորոսի հիմնադրամից գրանտներ վաստակող Դանիել Իոաննիսյանին։ Եթե նա այդքան սիրահար է հետաքննությունների, խորհուրդ կտամ հետաքննություն սկսի, թե ինչպես ստացվեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երկու գերշքեղ ամենաբարձր դասի «Մերսեդես» գնեց իրեն սպասարկելու համար։ Թե ինչպես բյուջեից ահռելի գումարներ ծախսվեցին կառավարական առանձնատան վերանորոգման համար և այլն»։
Մամիջանյանը հիշեցրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը զբաղվելու է ՀՀ հիմնադրամի` պատերազմի ընթացքում և դրան հաջորդող շրջանում միջոցների ծախսման և տնօրինության հետ։
Պատգամավորն ընդգծեց, որ ՌԴ Պետդումայի ընտրությունների մշտադիտարկման համար ստեղծված ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմում որևէ ընդդիմադիր պատգամավոր ներառված չէ։
Անդրադառնալով կայանալիք ՏԻՄ ընտրություններին` Մամիջանյանը նշեց, որ ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին Գյումրիում և մի շարք այլ տարածքներում։
Մանրամասները՝ տեսանյութում