«Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է պարգևավճարներից․ Իշխան Սաղաթելյան

Մի քանի րոպե առաջ մենք իմացանք, որ խորհրդարանի պատգամավորներին, այդ թվում և ընդդիմադիր, տրվել են պարգևավճարներ։ Ընդդիմադիր «Հայաստան» պատգամավորական խմբակցությունը դատապարտում է նման վարքագիծը։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 17-ին ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշեց, որ խոսքը Հայաստանի Անկախության օրվա առիթով տրված պարգևավճարների մասին է։

«Մեզ համար դա անընդունելի է, և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից մենք հայտարարում ենք, որ չենք վերցնի այդ փողերը։ Դա անընդունելի է և արժանի դատապարտման, հատկապես երբ երկրում հսկայական թվով սոցիալական խնդիրներ կան։ Մենք ավելի քան 10 հազար վիրավոր ունենք, հաշմանդամներ, և այս պայմաններում պետական պաշտոնատար անձինք, այդ թվում և պատգամավորները, շարունակում են պարգևավճարներ ստանալ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Խորհրդարանականը նշեց, որ բոլոր միջոցները կամ կվերադարձվեն պետական բյուջե, կամ կուղղվեն սահմանամերձ համայնքներին՝ այս կամ այն օրախնդիր ծրագիրը իրականացնելու համար։