Հայաստանի իշխանությունների թուրքահաճո քաղաքականության ռացիոնալ բացատրություն փնտրելու կարիք չկա

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եկեք մեկընդմիշտ վերջ տանք զարմանքով  մեր ծնկներին հարվածելուն, թե բա հասե՜ք, «երկիրը հանձնում են թուրքին, կիսում ու դատարկում են»:

Դա այլևս իրողություն է և մեր հուզական «լացուկոծը» ոչ մի կերպ իրավիճակի վրա չի ազդում։

Մենք պետք է նաև  սթափ գիտակցելով  որպես իրողություն ընդունենք, որ ներկայիս կառավարությունը վարում է այնպիսի քաղաքականություն, որը լիովին չի  համապատասխանում Հայաստանի, Արցախի և ողջ հայության   շահերին:

Վերջ։

Ֆիքսում ենք սա:

Քայլ երկրորդ.

Հայաստանի իշխանությունների թուրքահաճո քաղաքականության ռացիոնալ բացատրություն փնտրելու կարիք չկա:

Ապրիորի չի կարող լինել ռացիոնալ բացատրություն այն քաղաքականությանը, որը իսպառ անտեսում է ազգային և պետական շահերը, որքան ձեզ տարատեսակ «լոլոներ» կարդան ներկայիս իբր «գերսուպերգիպերխաղաղասեր» ՀՀ֊-յան իշխանությունները «խաղաղության դարաշրջանի մասին», մենք ունենք լրիվ հակառակ իրավիճակ: Այսինքն, ներկայիս իշխանությունները իրենց ապաշնորհ, անգրագետ և թուրքահաճո քաղաքականությամբ տանում են երկիրը դեպի նորանոր ցնցումների և պարտությունների։

Երրորդ՝ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները  բերում են երկու փաստարկ՝ արդարացնելու հայկական տարածքների օկուպացիան թուրք֊ադրբեջանական վայրենիների կողմից  (մի հատ մտածեք իրավիճակը որքան աբսուրդային է և հրեշավոր):

Առաջինն այն է, որ ազերները խորհրդային քարտեզների համաձայն ԻԲՐ իրավունք ունեն Սյունիքի մի մասի նկատմամբ, և երկրորդը, որ Հայաստանի սահմանները գծված են 2000 -ականներին ընդունված Հայաստանի տարածքային բաժանման մասին օրենքին համապատասխան:

Երկու փաստարկներն էլ անմիջապես խարխլվում են հետևյալ փաստերով:

Եթե ասում եք, որ սահմանները պետք է  գծված լինեն խորհրդային քարտեզների համաձայն (նույնիսկ պարզ չէ, թե որ ՞ քարտեզը ի նկատի ունեն), ապա ստացվում է, որ դուք պաշտպանում եք ադրբեջանցիներին ձեռնտու քարտեզագրությունը՝ լիովին անտեսելով Հայաստանի կենսական  շահերը (սա տրամաբանական եզրակացությունն է, հաշվի առնելով թե Հայաստանի որ ինքնիշխան տարածքներում են  տեղակայվում թուրք֊ադրբեջանական օկուպացիոն ուժերը ըստ ինչ որ անհասկանալի քարտեզների):

Երկրորդ՝ նույնիսկ եթե ենթադրենք (ընդամենը միայն ենթադրենք), որ խնդրի արմատը ծագել է իբր «նախկինների» կողմից ընդունած Հայաստանի տարածքային բաժանման մասին օրենքից, ապա ի՞նչն էր ձեզ խանգարում փոխել այս օրենքը: Հատկապես, որ այս օրենքը չունի որևէ իրավական ուժ միջպետական սահմաններ հաստատելու համար:

Սա շատ հստակ և պարզ հարցերի ցանկն է , որը ուղղակի ոչնչացնում է իշխանությունների ինքնաարդարանալու փորձերը։

Պարզապես սառնասրտորեն փաստենք։

Այսօր իշխանությունների կողմից ընդամենը իրականացվում է ակնհայտ մանիպուլյացիա՝ իրենց ապազգային դիրքորոշումը արդարացնելու հարցում:

Վերջ»։