ՀՀ և Արցախի իշխանություններն ամեն ինչ կանեն, որ Արցախի մի շարք գյուղեր Ադրբեջանին չանցնեն. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ դրույթը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ ԼՂ-ի և ՀՀ-ի միջև կապը ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու նախագիծը։ Արդյո՞ք այս թեմայով բանակցություններ իրականացվում են, կա՞ հաստատված նախագիծ, թե որտեղով է նախատեսված երթուղին։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանի հավակնություններն իմանալով՝ մտավախություն կա, որ նոր երթուղին շրջանցելու է ոչ միայն Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, այլ Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լուսավոր, Կանաչ Թալա գյուղերը։ Կարո՞ղ եք հստակ երաշխավորել, որ չի հաստատվի ՀՀ-ն Արցախին կապող այնպիսի երթուղի, որի պայմաններում թվարկած գյուղերը ավտոմատ կերպով կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ թեկուզ անկլավի կարգավիճակով»։

Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Այս պահին այս թեմայով որևէ բանակցություն չի ընթանում ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ,  գիտեմ, որ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Արցախի իշխանությունների և խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, մեր մասնագետները «իքս» պահից կմիանան, կձևակերպվի կոնկրետ առաջարկ, այդ առաջարկները կքննարկվեն։ Բնականաբար այդ քննարկումների ընթացքում կարվի առավելագույնը, որ Արցախի ժողովրդի և ՀՀ շահերը առավելագույնս պաշտպանվեն այդ համատեքստում»։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց. «Արդյո՞ք Ձեզ համար սկզբունքային կամ առաջնայի՞ն է, որպեսզի չլինի մի այնպիսի երթուղի, որի արդյունքում թվարկած գյուղերը որևէ պայմաններում, որևէ կարգավիճակով չհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Պատասխանելով հարցին` Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Արցախի և ՀՀ իշխանությունները ամեն ինչ կանեն, որ նշված սցենարը տեղի չունենա։

Ինչ վերաբերում է ԼՂ գյուղերին, առաջնահերթ խնդիր է դա, որը պետք է լուծվի»։