«Պատիվ ունեմ»-ը նախաձեռնելու է քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կքննի, թե ինչպես են ծախսվել «Հայաստան» հիմնադրամի գումարները․ Հայկ Մամիջանյան

ԱԺ հարցուպատասխանի ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամին Սփյուռքից ու Հայաստանից հանգանակած գումարների ճակատագրի մասին։

«Այդ գումարների ճակատագիրը մեծ կասկածների տեղիք տվեց, տեղի ունեցավ ուղղակի բյուջետային ֆինանսավորում, 50 մլրդ-ից ավելի միջոցներ ուղղվեցին պետական բյուջե»,-ասաց Մամիջանյանն ու հետարքրվեց աուդիտի եզրակացությունից, քանի որ ոչ հիմնադրամի կայքում, ոչ էլ բաց աղբյուրներում նման տեղեկատվության չի հանդիպել։

Փաշինյանն ասաց, որ հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքներով տարածվել է հաղորդագրություն, ըստ որի, ինքը ներկայացրել է հաշվետվություն, արձանագրել է, որ չարաշահումներ ու հանգանակած գումարների վատնում չի եղել։

Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ տեղյակ է, որ աշխատանքներն արվել են, արդյունքներն ամփոփվել են, սակայն տեղյակ չէ՝ արդյո՞ք հրապարակվել է այդ տեղեկատվությունը։

«Որքան ես տեղյակ եմ, աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել, ընդհակառակը, արձանագրվել է, որ ամեն ինչ համապատասխանում է այն տրամաբանությանը, ինչ հայտարարել է հոգաբարձուների խորհուրդը՝ Ձեր հիշատակած նիստի արդյունքներով»,-ասաց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ եթե նույնիսկ աուդիտ իրականացնի աշխարհի ամենահայտնի ընկերությունը, չի կարող որևէ չարաշահում բացահայտել կառավարության գործողություններում։

Մամիջանյանը նշեց, որ խոսքը վերաբերում է 52 մլրդ դրամի մասին, որը փոխանցվել է բյուջե։

«Հայտարարեմ, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, օգտվելով խորհրդարանական վերահսկողական հիմնական լծակ հանդիսացող քննիչ հանձնաժողովների ինստիտուտից, նախաձեռնելու է քննիչ հանձնաժողովի ստեղծում՝ Համահայկական հիմնադրամի այդ ընթացքում հանգանակված միջոցների, ծախսերի, դրանց արդյունավետության, օպերատիվության, առհասարակ ոլորտների ընտրության հետ կապված։ Գործընթացը շուտով կմեկնարկի»,-ասաց նա։

Մամիջանյանն ասաց, որ պետբյուջե հիմնադրամից միջոցների փոխանցման հետ կապված եղել է հիմնավոր կասկած, որ բյուջեում գումարներ չկային, և այդ գումարը ծախսվել է աշխատավարձերի, թոշակների վճարման համար։

Ի պատասխան Փաշինյանը դիտարկում արեց, որ հիմնադրամի միջոցները ռազմական նպատակով չեն ծախսվել, դրանք օգտագործվել են պատերազմի ընթացքում առաջացած առողջապահական, տնտեսական, սոցիալական կարիքների համար։

«Կառավարությունը 100 մլրդ դրամ է հատկացրել այդ կարիքները հոգալու համար, որից 52 մլրդը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից, իսկ մնացած 50 մլրդը՝ պետբյուջեից»,-ասաց Փաշինյանը։