Գլխավոր դատախազին ասացի, որ վաղը, վաղը չէ մյուս օրը կարող է ուշ լինել․ բժիշկ Սահակյան

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բժիշկները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ընդունել է բողոքող բժիշկներին։
Հանդիպումից հետո բժիշկ, դասախոս Սամվել Սահակյանը լրագրողներին ասաց, որ գլխավոր դատախազին ներկայացրել է Արմեն Չարչյանի առողջական վիճակը,  հիվանդությունների ծանր բարդությունները, փորձել է հիմնավորել տարբերությունը՝ հիմա՝ քաղաքացիական բժշկական կազմակերպությունում նրա գտնվելու, բուժման և բուժման արդյունավետության հավանականության մասին, և ազատության մեջ գտվելու պայմաններում ևս քաղաքացիական բժշկական կազմակերպությունում բուժման արդյունավետության մասին՝ հիմնավորելով, որ երկրորդ դեպքում ավելի արդյունավետ է, մեծ արդյունքների կարելի է հասնել։
«Պարոն դատախազը հարցեր տվեց, պարզաբանումներ ներկայացրեցի որքանով տեղյակ եմ Արմեն Չարչյանի պաշտպանի հետ զրույցներից։
Հավաստիացրեց, որ իրենց նպատակը չէ Արմեն Չարչյանին պահել անազատության մեջ, ինքնանպատակ չէ իրենց համար, պարզապես իրավական գործընթացն է այդպես։
Հիմնավորեցի, որ առողջական վիճակի խիստ վատթարացում ունենք։ Ինձ ճանապարհ ցույց տվեց, ասաց, պետք է ներկայացնել համապատասխան ախտորոշումների հիմնավորումներ և համապատասխան ախտաբանական վիճակների ու նրանց հետազոտությունների հիմնավորում»,- լրագրողներին հանդիպման մանրամասները ներկայացրեց բժիշկ Սահակյանը՝ հավելելով, որ
դատախազը հավաստիացրել է, որ նման հիմնավոր փաստաթղթերի առկայության դեպքում ամեն ինչում իրենց կօգնի, կմիջնորդի հրատապ նիստ հրավիրել։

Հիշեցնենք, որ պաշտպան Է. Ալեքսանյանը երկու միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքի փոփոխման վերաբերյալ հրատապ նիստ հրավիրելու համար։

Նա նշեց, որ վաղն առավոտյան կներկայացնեն այդ փաստաթղթերը, իսկ հիմա շարժվելու են առողջապահության նախարարություն, հույս հայտնեց՝ նախարարն էլ կհարգի ու կընդունի իրենց։
«Ես գլխավոր դատախազին ասացի, որ վաղը, վաղը չէ մյուս օրը կարող է ուշ լինել, ամբողջ իմաստը սա է»,- ասաց բժիշկը։