Պատկերաքանդակները հաստատում են․․․Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ, վաղամեռիկ Սամվել Կարապետյանը ուսումնասիրելով պատկերաքանդակների հարյուրավոր նմուշները, դասակարգել է ըստ ժամանակագրության և բովանդակության, և ի հայտ բերելով ուշագրավ իրողություններ՝ ներկայացրել է իր մտորումները։ Նա այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր 2018 թ․։ Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ․

«Չգիտեմ, չեմ կարող ասել, թե վեց-յոթերորդ դասարաններից մինչև դպրոցն ավարտելս, երբ ամեն առիթ-պատրվակով համադասարանցիներս քեֆի էին, ինչու այդպես էլ երբևէ գոնե մեկ անգամ մասնակից չդարձա նման միջոցառումներից ոչ մեկին: Նույնիսկ ավարտական քեֆին բացակա մնացի: Դասընկերներիս հետ էլ (համարյա բոլորի) ընկերական լավ հարաբերություններ ունեի, ուստի ինքս էլ չէի հասկանում, թե ինչն էր վանում, որ խուսափում էի այդ քեֆ-հավաքույթներից:

Տարօրինակ այդ սովորությանս գերի մնացի նաև հետագա տարիներին և թերևս մինչև հիմա, երբ ինչ-որ առիթով ասենք աշխատակիցներով մի տեղ հավաքվում ենք, գոնե ինձ համար դա ընդամենը մի հնարավորություն է մեր գործերից, դրանց ընթացքից ու ծրագրերից խոսել-քննարկելու…

Վերջերս կրկին անդրադարձա արդեն տարիների վաղեմությամբ կիսատ թողածս նախագծերից մեկին` «Արցախի պատկերաքանդակը» կիսամշակ աշխատության նյութերին և կրկին վերհիշեցի մի բան, որը նկատել էի դեռ շատ տարիներ առաջ: Հազար ու մի նախագծերի մեջ ճզմված, վստահ չեմ, թե այս նախագիծը մի օր տեղ կհասցնեմ և քանի որ վստահ չեմ, ուստի մտքովս անցավ պատկերաքանդակների շնորհիվ ինձ համար պարզված գոնե այս մի կարևոր կետին Ձեզ էլ հաղորդակից դարձնել:

Խնդիրն այն է, որ երբ պահպանված պատկերաքանդակների հարյուրավոր նմուշները դասակարգում էի ըստ ժամանակագրության և ըստ բովանդակության, ակամա աչք զարնեց մի խիստ ուշագրավ իրողություն: Պարզվում է, որ ԺԲ-ԺԳ դարերում (12-13-րդ դարեր․ -խմբ․), ստեղծված պատկերաքանդակները գրեթե բացառապես նվիրված են զինավառ ռազմիկներին (հեծելազորի կամ հետևակի զինվորներին): Դրանց հիմնական մասը պահպանվել է Խաչենի իշխանության և նրան հարակից գավառների տարածքի զանազան հնավայրերում և կերտվել է ի հիշատակ կա՛մ թուրքերի, կա՛մ էլ մոնղոլների դեմ կռիվներում նահատակված հայորդիների: Նրանցում առկա է այդ ժամանակաշրջանում կիրառության մեջ եղած զենքերի գրեթե ողջ տեսականին (սուր, նիզակ, գուրզ, նետ ու աղեղ, արբալետ հիշեցնող զենք, դաշույն, վահան և այլն):

Հաջորդող մեկ երկու դարը չափազանց աղքատ է պատկերաքանդակներից, եղածներն էլ կարելի է ասել այլևս միմիայն աստվածաբանական թեմաներով են:

Եվս երկու-երեք դար էլ (ԺԶ-ԺԸ դդ.) (16-18-րդ դարեր.- Խմբ․), և տեսնում ենք, որ աստվածաբանական թեմաներով պատկերաքանդակներին զուգահեռ ի հայտ են գալիս որսի, կերուխումի (քեֆերի) աննախադեպ տեսարանները: Վերջիններս արդեն, թե քանակապես և թե տարածումով գերազանցում են բոլոր նախորդ թեմատիկ նմուշներին:

Այս ամենից հանգել եմ հետևյալ եզրակացության.

ԺԲ-ԺԳ դարերում, երբ ճիշտ է հայերս արդեն չունեինք սեփական թագավորություն, բայց և ունեինք գրեթե անկախ հզոր իշխանապետություններ, մեր պատկերաքանդակներին գերիշխում էին ռազմը փառաբանող տեսարանները և եթե երկրի տերերը նաև քեֆեր են արել, ապա համենայն դեպս այդ եղելությունները բնավ չեն կարևորվել, որ դրանք արժանի լինեին պատկերաքանդակներով անմահացնել: Մինչդեռ ուշ միջնադարյան պատկերաքանդակներում, երբ Հայոց երկրում հաստատվել էին օտար բռնապետությունները, տեսնում ենք, որ նրանցում չքացել են ռազմի տեսարանները և ամենուր գերիշխում են խրախճանքներն ու հաճույքի այլ զբաղումները (հատկապես` որսը, նվագը, պարը և այլն):

Փորձեմ ամփոփել. Երբ հզոր էինք` Հայրենիքի և պատվի տեր, պատկերում էինք ռազմ ու ռազմիկ, իսկ երբ նվաճված ու հնազանդեցված` քեֆ ու հաճույքներ:

Ավելի կարճ. Անկախ էինք` ռազմն էինք արժևորում, ստրուկ` քեֆն ու ուրախությունները…

Մտածում եմ, որ իզուր չէր էլի, որ փոքրուց քեֆ երևույթն անդուր մի բան էր ինձ համար…

Գրությանս կցում եմ երկու խումբ պատկերաքանդակների նկարներ. Ա) ԺԲ-ԺԳ դարերից Բ) ԺԶ-ԺԸ դարերից»։