Երևույթը Հայաստանի ղեկավարության վրա ադրբեջանական ղեկավարության հերթական ճնշման արտահայտությունն է․ Սեյրան Օհանյան

«Դրա մեջ կարող է թաքնված պահ լինել, իրենք ենթադրում են, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո այդ տարածքներն անցնելու են ադրբեջանցիներին»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Գորիս-Կապան ճանապարհի հարակից բնակավայրերն ադրբեջանական անվանումներով կոչելու Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ-ի հայտարարության մասին հարցին:

Նա հայտնեց, որ չի հասկանում, թե ինչ իրավապայմանագրային հիմքերով և ինչ իրավիճակում է սահմանազատումը լինելու:

Օհանյանը նկատեց, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները բնակատեղիների ադրբեջանական անուններն են անընդհատ ասում, որին հակառակ՝ ադրբեջանական ղեկավարությունը Հայաստանի բնակավայրերն ադրբեջանական տեղանուններով են ներկայացնում:

Օհանյանը շեշտեց, որ երևույթը Հայաստանի ղեկավարության վրա ադրբեջանական ղեկավարության հերթական ճնշման արտահայտությունն է:

«Պատերազմում կրած պարտությունից հետո, այս ճնշումներն ու սադրանքները շարունակական են լինելու»,- հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը:

«Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ խորհրդարանական ընդդիմությունը խնդրի վերաբերյալ լսումներ է կազմակերպել, որպեսզի նաև պարզի, թե ադրբեջանական անվանումներ հնչեցնելը հատո՞ւկ է արվում  ՀՀ իշխանությունների կողմից, թե ոչ, իսկ ընդդիմությանը թվում է, որ հատուկ է արվում:

«Ի՞նչ է նշանակում Խորհրդային Միության քարտեզ, կամ տարբեր այլ քարտեզներ, որո՞նք են դրանց իրավական հիմքերը, որտե՞ղ են այդ քարտեզները ճանաչվել»,-իր տարակուսանքը հայտնեց պատգամավորը՝ հավելելով, որ ունենք շատ գիտնականներ, որոնք պատմաիրավական փաստաթղթերով ապացուցում են, որ այդ տարածքները եղել են հայկական և խորհրդային տարիներին նման ճնշումների արդյունքում անցել են ադրբեջանցիներին:

«Այնտեղ, որտեղ առանց որևիցե մի հենքի, իրավական փաստաթղթի դիրքերն անցել են ադրբեջանցիներին, և եթե հետագայում իրական սահմանագծման և սահմանազատման հետևանքով մենք հասկանանք, որ այն հայկական է, շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ սահմանից հետ շպրտել»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը: