Բեռնատարը թուրքական է, բեռը՝ գերմանական. «Դոմինո փրոդաքշնի» հիմնադիրը՝ Հրապարակում թուրքական բեռնատարի հայտնվելու մասին․ NEWS.am

Սեպտեմբերի 21-ի Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչական գործընթացների ժամանակ երեկ Հանրապետության հրապարակում էին հայտնվել թուրքական բեռնատարներ։

NEWS.am-ի հետ զրույցում «Դոմինո փրոդաքշնի» հիմնադիր, նախագծի պրոդյուսեր Աշոտ Առաքելյանը հաստատեց, որ բեռնատարները թուրքական են, բայց ասաց, որ բեռները գերմանական են։

«Գերմանական ընկերության նկարահանման համակարգն է, միայն Գերմանիան ունի նկարահանման նման համակարգ։ Մենք պատվիրել ենք, որպեսզի այդ համակարգը գա, օգտագործենք միջոցառման համար։ Գերմանացիները բեռը փոխադրելիս դիմել են բեռը փոխադրող ընկերության ու բեռը եկել է Թուրքիայով։ Օրենքի խախտում էլ չկա, որ թուրքական բեռնատարներ են անցնում։ Այդտեղ թուրքական բեռ չկա։ Դա կրկին սուտ ու տաղտկալի սուտ է»,- ասաց «Դոմինո փրոդաքշնի» հիմնադիրը։

Անդրադառնալով միջոցառման բովանդակությանն ու «գունագեղ տոնակատարություններ» եզրույթին՝ Առաքելյանն արձագանքեց.

«Սա միջոցառում է, որի ժամանակ կա հնչողություն ու լուսավորություն։ Լույսերն ունենալու են նաև գույն, այսինքն՝ ստացվեց, որ միջոցառման ընթացքում կա գույն, միջոցառումը, որ գեղեցիկ է, ինքներդ էլ կհամոզվեք, որ գեղեցիկ է։ Գունագեղ բառը որպես այդպիսին թիրախավորել կամ կիրառել որպես խինդ, ուրախություն, բնականաբար տեղին չեմ համարում»։

Աշոտ Առաքելյանն ասաց, որ միջոցառման ժամանակ հրավառություն չի լինելու։

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Միկա Բադալյանը տելեգրամյան իր էջում տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի Հանրապետության հրապարակում թուրքական բեռնատարից դատարկվում սեպտեմբերի 21-ի տոնակատարության տեխնիկան:

Դատելով բեռնատարի արտաքին տեսքից, այն պատկանում է թուրքական հայտնի «Օզթուրք Օզքան» բեռնափոխադրող ընկերությանը, իսկ 33 թվով սկսվող պետհամարանիշը գրանցված է Թուրքիայի Մերսին շրջանում, որը նախկին Կիլիկիայի տարածքում է: