Նման պայմաններում մարդուն կալանքի տակ պահելը խոշտանգում է, մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում․ Վարդևանյան

Անազատության մեջ գտնվող հայտնի բժիշկ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանն այս պահին ստանում է 100-ից բարձր ինսուլինային բաժին։  Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ պրոֆեսորին տեսակցելուց հետո։ «Բժշկական նորմատիվներով՝ 60-ից բարձր ինսուլինային չափաբաժինը արդեն իսկ ենթադրում է կրիտիկական վիճակ»։

Արամ Վարդևանյանի ներկայացմամբ, Արմեն Չարչյանն ունի նաև զարգացած թոքաբորբ։

«Բժշկական ինտենսիվ հսկողության տակ գտվելը վիճակի որոշակի կայունացման հանգեցրել է, բայց թոքաբորբն ու ինսուլինային չափաբաժինը փաստացի ծայրահեղ վիճակ է առաջացնում։ Դժվար էր խոսում, հասկացանք, որ դժվար է հաղորդակցվում մեզ հետ։ Արմեն Չարչյանի կամքը տեղն է, բայց նման պայմաններում մարդուն կալանքի տակ պահելը խոշտանգում է, մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է»,- ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանի խոսքով՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ փաստացի ընդգծեց պատգամավորի անձեռնմխելիության կարևորությունը, հավելյալ հանգամանքներ էլ չներկայացրեց, որովհետև հիմնավորեց, որ դատավորի նկատմամբ կարող է կարգապահական վարույթ լինի, ով, ենթադրենք, դա անտեսել է։

«Այսինքն, առնվազն իրավապահ համակարգում այս ամբողջի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, իսկ ինչու է վերաբերմունքն այսպիսին, բացառապես քաղաքական բաղադրիչն է, այսինքն տեսնում ենք իշխանական դիրքից ճնշում, հետապնդում»,- ասաց Վարդևանյանը։