Դատախազը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և գրավի չափը չփոխվեն

Եթե Վերաքննիչ դատարանը բավարարի դատախազների և տուժող կողմի բողոքները, ստեղծվելու է մի իրավիճակ, որ մեր պաշտպանյալները կրկին մեղադրվելու են մի հոդվածով, որը Քրեական օրենսգրքում գոյություն չունի։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Դատարանի որոշմամբ չպիտի ստեղծվի հակաիրավական վիճակ։ Արդյո՞ք բողոք բերողները կանխատեսել են՝ ինչ իրավական վիճակ է ստեղծվելու, եթե առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվի։ Այդ դեպքում մեր պաշտպանյալները վերստին մեղադրվելու են մի հոդվածով, որը Քր․ օրենսգրքում չկա, որը ՍԴ-ն արդեն հակասահմանադրական է ճանաչել», – ասաց Հ․ Ալումյանը։

Պաշտպանության կողմի փաստարկները դատախազը համարեց չհիմնավորված։ Դատախազությունը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և գրավի չափը չփոխվեն։

Միևնույն ժամանակ, նա համաձայնեց, որ գրավի սահմանված 2 մլրդ չափը գերազանցում է վնասի հատուցման սպասելի շեմը, բայց հարգելով Վճռաբեկ դատարանի որոշումը՝ գրավի չափը պետք է մնա անփոփոխ։

Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 18-28-ը փաստաբան Կարեն Մեժլումյանը արձակուրդում է լինելու, իսկ դատավորներն իրենք մինչև հոկտեմբերի առաջին տասնօրյակի վերջը վերապատրաստման դասընթացների են, դատավոր Նարինե Հովակիմյանը հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին։