Ղրղզստանի նախկին նախագահին նոր մեղադրանքներ են առաջադրվել

Ղրղզստանի իրավապահ մարմինները ևս երկու մեղադրանք են առաջադրել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին՝ անցած տարի հոկտեբերին Բիշքեկում զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության բռնի զավթման փորձի համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ատամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:

Նրա խոսքով՝ երկրի նախկին ղեկավարին ծանուցում է հանձնվել մայրաքաղաքում զանգվածային անկարգությունների հրահրման գործով, ինչպես նաև իշխանության բռնազավթման փորձի մեջ կասկածվելու մասին:

Ատամբաևից բացի՝ տվյալ գործով անցնող անձինքն են նախագահական վարչակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը, նախկին նախագահի նախկին թիկնապահ Քանաթ Սագիմբաևը և ՆԳ նախկին փոխնախարար Կուրսան Ասանովը:

2020 թվականի հոկտեմբերի 5-6-ը, ինչպես նաև 9-ին Ղրղզստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում բախումներ էին տեղի ունեցել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև: Բախումների ժամանակ անհայտ անձը մի քանի անգամ կրակոց է արձակել Ատամբաևի մեքենայի ուղղությամբ, սակայն նախկին նախագահը չի տուժել: Հանցագործին դեռ չեն գտել:

Երկիրը 2011-2017 թվականներին ղեկավարած Ատամբաևին առաջին անգամ ձերբակալել էին 2019 թ․ օգոստոսին: Նրան մի քանի մեղադրանք էր առաջադրվել, այդ թվում՝ կոռուպցիայի, զանգվածային անկարգությունների կազմակերպման և մահափորձի մեջ: